Մատչելիության հղումներ

Հանրահավաքի մասնակիցը կարող է դատապարտվել 2,5 տարվա ազատազրկման


Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեքշաբթի օրը սկսվեց 24-ամյա Էդգար Առաքելյանի դատավարությունը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մաղադրանքով: Առաքելյանը ընդդիմության այն աջակիցների թվում էր, ում ապրիլի լույս 13-ի գիշերը իրավապահները աննախադեպ դաժանությամբ դուրս էին մղել Բաղրամյան պողոտայից: Էդգար Առաքելյանը այդ ժամանակ պլաստիկ շշով հարվածել էր ոստիկանին:

Երեք վկաներից միայն մեկը ցուցմունք տվեց՝ սրճարանի մատուցող Իզոլդա Ավետիսյանը: Վկաներից երկրորդը չէր ներկայացել, իսկ Առաքելյանի մայրը հրաժարվեց որդու դեմ վկայություն տալ: Դրանից հետո մեղադրող Արամ Ամիրզանդյանը հանդես եկավ մեղադրական ճառով՝ պնդելով, որ հանցանքը հիմնավորված է նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցներով եւ միջնորդեց, որ դատարանը Առաքելյանին դատապարտի 2,5 տարի ազատազրկման:

Այդ պահին գիտակցությունը կորցրեց Առաքելյանի մայրը, իսկ դահլիճում այնպիսի աղմուկ բարձրացավ, որ նախագահող Պարգեւ Օհանյանը ստիպված էր 10 րոպե ընդմիջում հայտարարել: Իսկ մի քանի րոպե անց ոստիկաններից մեկը փոխանցեց դատավորի որոշումը՝ հայտարարել ընդմիջում մինչեւ վաղը:

Ճառով հանդես գալու հերթը պաշտպանական կողմինն է՝ Էդգար Առաքելյանի ու նրա շահերի պաշտպան Թադեւոս Ալեքսանյանի:

Այսօրվա իր ցուցմունքներում Էդգար Առաքելյանը ընդունեց իր մեղքը՝ ասելով, թե իսկապես հանքային ջրի պլաստիկ շշով թիկունքից հարվածել է ոստիկանության աշխատակցին ու փախել է: Նա, սակայն, ավելացրեց, որ չի իմացել, որ այն անձը , ում հարվածում է, ոստիկանության աշխատակից էր: Բացի այդ, դրանից առաջ իր աչքերին արցունքաբեր գազ էին փչել ու վահանով այնպես էին հարվածել, որ ատամները թափվել են:

Նույն գիշերը ամբաստանյալին ոստիկանություն են տարել եւ երեք օրով վարչական կալանքի ենթարկել՝ զազրախոսելու համար: Քրեական գործը հարուցել են ավելի ուշ, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվել են հանրահավաքի կադրերը:

Ամբաստանյալը հայտարարեց, որ ե'ւ ոստիկանությունում, ե'ւ գլխավոր դատախազությունում իր նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական ճնշում են գործադրել, հայհոյել ու ծեծել են: Նրա խոսքերով, դատախազ Անդրանիկ Միրզոյանը եւ քննիչ Թարվերդյանը իրեն ստիպել են գրել, որ Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանն են իրեն նման գործողություններ կատարելու հրահանգ տվել:

Երբ ինքը հրաժարվել է, իրեն ասել են, թե՝ մի վախեցիր, «Գեղամյանը հենց հիմա չոքած ցուցմանքներ է գրում»: Առաքելյանը հայտարարեց, որ պատրաստ է առերես պնդել իր ասածները:

«Էդ նույն Թարվերդյանը ամենավերջին բառերով ինձ վիրավորում էր: Ուղղակի ստեղ ասելու բան չէ: Ես կարող եմ առերես պնդել», - ասաց նա:

Գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, կտրականապես հերքեց, թե ինքը մասնակցել է տվյալ գործի քննությանը:

Իսկ իր նկատմամբ կիրառված բռնությունների եւ ճնշումների մասին Էդգար Առաքելյանը դիմում է ուղարկել հանրապետության գլխավոր դատախազին, տեղեկացրել է Եվրախորհրդի, Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչներին ու իրավապաշտպաններին:

Դատական նիստը կշարունակվի վաղը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG