Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը պարզաբանում է


Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է «Աժ մայիսի 10-12-ի եռօրյա նիստերի ժամանակ ներկայացված ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ ծագած հարցերին»:

«Ի պատասխան վերջին օրերի ընթացքում ԱԺ Վերահսկիչ պալատի ստուգումների առնչությամբ բարձրացված արհեստական շահարկումների, ինչպես նաեւ որոշ գործիչների անպատասխանատու հայտարարությունների՝ կապված Վերահսկիչ պալատի նյութերը դատախազություն ուղարկելու հետ, տեղեկացնում ենք, որ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն ամբողջությամբ է ուղարկվել դատախազություն, այլ ոչ թե դրա մի մասը, ինչպես փորձ է արվում ներկայացնել», - ասված է հայտարարությունում:

Անցյալ եռօրյայում Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը հրապարակել էր 2003 թվականի տարեկան հաշվետվությունը՝ ներկայացնելով տարբեր ոլորտներում հայտնաբերված թերություններն ու չարաշահումները, ինչից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով Համաշխարհային բանկի կողմից վարկավորվող «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի ուսումնասիրությունների արդյունքներին, Վերահսկիչ պալատին մեղադրեց, թե այդ ոլորտում ստուգումները լուրջ խախտումներով են անցկացվել, իսկ որոշ ելույթ ունեցողների էլ մեղադրել էր պոպուլիզմի մեջ: Դրան վրդովված հակադարձել էր Արթուր Բաղդասարյանը՝ խոստանալով ուսումնասիրությունների նյութերը ուղարկել դատախազություն:

Արդարադատության նախարարի եւ Ազգային ժողովի նախագահի միջեւ այդ բանավեճի առիթով նախագահ Քոչարյանն իր դժգոհություն էր հայտնել շաբաթ օրը խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ չպաշտպանելով որեւէ կողմի:

Երեկ արդարադատության նախարարությանում տեղի ունեցած «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրերի իրականացման գրասենյակի վարկերի կառավարման խորհուրդի նիստում (խորհրդի նախագահը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է) Վերահսկիչ պալատի հաշվետվության առաջարկությունների քննարկելումից հետո, արդարադատության նախարարը հայտարարեց, թե խորհուրդն անհիմն է որակել այդ առաջարկությունները եւ արձանագրել, որ «չարաշահում չկա»:

Երեկ ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժողպատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանը, ով դրանից առաջ էլ մամուլում քննադատել էր Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, հայտարարեց, թե Վերահսկիչ պալատը «ծառայում է միայն ԱԺ նախագահին», թե հաշվետվության հեղինակները կողմնակալ են վերաբերմունք են ցուցաբերել ուսումնասիրությունների ընթացքում, ինչի համար «փոխհատուցվել են»:

Ազգային ժողովի նախագահը, հավանաբար ի պատասխան Հակոբ Հակոբյանի հայտարարության, հարկ է համարել հիշեցնել, որ «Վերահսկիչ պալատի նախագահը անկախ, ընտրովի պաշտոն է եւ հաշվետու է միայն Ազգային ժողովին, այլ ոչ թե Աժ նախագահին կամ Աժ-ում ներկայացված որեւէ քաղաքական ուժի»:

«Տարեկան հաշվետվության մեջ, որը առանց «դեմ» եւ «ձեռնպահ» ձայների արժանացավ ԱԺ նիստին ներկա բոլոր քաղաքական ուժերի եւ պատգամավորների հավանությանը, ներառված են Վերստուգիչ պալատի բոլոր ստուգումները, որոնք կատարվել են Աժ-ի կողմից հաստատված Վերահսկիչ պալատի ծրագրի համաձայն եւ ներառում են բնապահպանության, ջրամատակարարման, էնեգետիկայի, հարկային, մաքսային, մարզերի ու համայնքների, մասնավորեցման ոլորտները», - այսօրվա հայտարարության մեջ նշում է Արթուր Բաղդասարյանը: - «Իսկ բացահայտված խախտումների եւ թերությունների քրեա-իրավական կամ քաղաքացիա-իրավական բնույթը կորոշեն դատախազությունում»:


«Այն փաստը, որ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն այսչափ կրքեր է բորբոքել, արդեն իսկ նշանակում է, որ ստուգումներն արդյունավետ են եղել, ուստի շարունակվելու են՝ ընդգրկելով օրենքով նախատեսված ամբողջ դաշտը», - հայտարարությունն ավարտում է Արթուր Բաղդասարյանը: - «Մենք հետեւողական ենք լինելու, որպեսզի բոլոր մեղավորները ենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության՝ անկախ զբաղեցրած դիրքից»:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG