Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ՝ շաբաթ օրը նախագահական նստավայրում կայացած Քոչարյան - կոալիցիա հանդիպման առաջին մասում «Քոչարյանը պատմել է Ռուսաստան կատարած իր այցի, Պուտինից ստացած անվերապահ «դաբրոյի», նաեւ՝ տնտեսական ոլորտի մի քանի գործարքների մասին, որոնք, սակայն, մինչեւ վերջ չի բացահայտել». - «Այնուհետեւ, զրույցի իրեն վերաբերող հատվածը համարելով ավարտված, Քոչարյանը ջղայնացել է կոալիցիայի անդամ կուսակցությունների վրա՝ ասելով, որ եթե նրանք չեն ուզում միմյանց հետ աշխատել, թող ավելորդ խաղեր չտան: Սույն բարկության պատճառը եղել է այն, որ նախորդ եռօրյայի ընթացքում կոալիցիայի կուսակցությունները, միմյանց հակառակ, որոշ նախագծերի քվեարկեցին տարբեր կերպ... Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Քոչարյանը նախ լսել է կոալիցիայի ներկայացուցիչներին, որոնք պատմել են ընդդիմությանը երկխոսության մեջ ներքաշելու իրենց ջանքերի մասին, այնուհետեւ՝ կոալիցիային խորհուրդ է տվել մի վերջին հայտարարություն ընդունել, ուր արձանագրված կլինի, թե ինչպես ընդդիմությունը մերժեց իշխանությունների եւ կոալիցիայի իրեն մեկնած օգնության ձեռքը»: «Առավոտ» թերթի խտացմամբ՝ կոալիցիոն ուժերի եւ նախագահի վերջին հանդիպումը ամփոփվում է «Քվեարկենք միասին» նոր կարգախոսով: Ընդդիմության հետ հարաբերությունների առումով առավել խոսուն է, թերեւս, «Առավոտ»-ում բերված՝ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի հետեւյալ ձեւակերպումը. - «Ակնհայտ է, որ ընդդիմություն - կոալիցիա հարաբերությունները հասել են ինչ-որ կետի, երբ արվեցին բոլոր հնարավոր քայլերն ու առաջարկությունները եւ որոնք բոլորն էլ պաշտոնապես մերժվեցին»։

«Ընդդիմությանը չի կարելի անվերջ երկխոսության կանչել։ Այս գործելակերպն արդեն իրեն սպառել է», - իր հերթին «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում սահմանում է Դաշնակցության ղեկավար անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ նախանշելով. - «Քաղաքական համաձայնության դաշտն ըստ հնարավորության պետք է ընդլայնվի։ Այսօր ձեւավորված ձեւաչափերի մեջ այլեւս չպետք է պարփակված մնալ։ Ցավոք, արմատական ընդդիմությունն իր օրակարգից դեռ չի հանել լարվածության նոր ալիք ստեղծելու մտայնությունը։ Մենք նման զարգացումները մտադիր ենք կանխել իրավիճակի վրա ռեալ ժողովրդավարական վերահսկում իրագործելու միջոցով»։

Մտավորականության հետ Դաշնակցության նախաձեռնած երեկվա հանդիպման տպավորությամբ, «Հայկական ժամանակ» թերթում թեզավորված է. - «Իշխանությունները հասկացել են, կամ՝ ձեւ են անում, թե հասկացել են այն, ինչի բացատրության կարիքը, թվում է, չպետք է լիներ: Հիմա արդեն ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան եւ շարունակի զսպել ու հակակշռել իշխանությանը: Ահա հենց սա է մտավորականներին ՀՅԴ-ի վերապահած դերը՝ այսօրվա ընդդիմությանը բերել քաղաքական եւ տրամաբանական դաշտ ու հետեւել, որ իշխանությունները կատարեն իրենց խոստումները»: «Կարծում ենք», - ամփոփում է մեկնաբանը. - «դժվար չէ պատկերացնել, թե ինչպես է կյանքի կոչվելու այն վերահսկողությունը, որի իրականացման դաբրոն նախապես տվել է ինքը՝ «վերահսկվել» պատրաստվող իշխանությունը»:

«Իրավունք» թերթի վերլուծությամբ՝ ինչ-որ տեղ երրորդ ուժի դեր է փորձում ստանձնել Դաշնակցությունը եւ դա «ինչ-որ փուլի կարող է հանգեցնել Դաշնակցության ու Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի միջեւ շահերի բախման»՝ այն դեպքում, երբ «այսօր էլ իշխանական ճամբարի ներսում առկա են բավականին խորը հակասություններ»:

«Մայիսի 26-ին լրանում է այն ժամկետը, որից սկսած Ռոբերտ Քոչարյանը կարող է լուծարել խորհրդարանը», - կարեւորում է մեկնաբանը: - «Մայիսի 26-ին Հայաստանի ամբողջ ներքաղաքական դաշտը մոտենում է մի կարեւոր սահմանագծի, որից հետո անմիջապես կարող են որոշվել այնպիսի կարեւոր հարցեր, որոնք կկանխորոշեն Հայաստանի զարգացումը առաջիկա մի քանի տարիների կտրվածքով... Իսկ առայժմ», - նշվում է «Իրավունք»-ում, - «ընդդիմադիր ճամբարը զբաղված է քաղաքական ու մարդկային ռեսուրսների կուտակումով, որպեսզի կտրուկ սրումից առաջ կարողանա ապահովել «կրիտիկական» զանգված»:

Ի՞նչն է պատճառը, որ հասարակության ավելի լայն զանգվածներ չեն մասնակցում ընդդիմության հանրահավաքներին, եւ ի՞նչ է պատրաստվում առաջիկա երկու շաբաթների ընթացքում անել ընդդիմությունը «կրիտիկական զանգվածն» ապահովելու համար: Կոմունիստական կուսակցության քարտուղար Խորեն Սարգսյանը «Հայկական ժամանակ» թերթում ասում է. - «Եթե կարողանանք մարդկանց գոնե տրանսպորտի գումար տալ, ապա հանրահավաքներին մի քանի անգամ ավելի շատ մարդ կլինի... Ավելի շատ մարդիկ կգան, եթե վստահ լինեն, որ դրան հետեւելու են վճռական գործողություններ»: «Մեզ համար նոր ապրիլի 12 է պետք, բայց այս անգամ ժողովուրդը ավելի պատրաստ կլինի ինքնապաշտպանության, եւ արդյունքը բոլորովին այլ կլինի», - կարծում է Խորեն Սարգսյանը: «Ազգային միաբանություն» կուսակցության խմբակցության անդամ Աղասի Արշակյանի կարծիքով՝ պետք է ոտքի հանել Երեւանի բնակչությանը: «Երեւանում ապրում է 350 հազար ընտանիք. եթե յուրաքանչյուր երկրորդ ընտանիքից մեկ մարդ էլ գա հանրահավաքի, ապա առնվազն 175 հազար մարդ կլինի, ինչը բավարար է այս իշխանության հարցը լուծելու համար», - հաշվարկում է նա: «Ընդդիմությունը խեղճանում է փողից» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ում «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը եւս վստահեցնում է, որ իրենց ակտիվիստները այս երկու ամիսների ընթացքում ամբողջովին սնանկացել են, եւ իրենք գումարներ չունեն նրանց ճանապարհածախսը հոգալու համար»: Արամ Սարգսյանի թվայնացմամբ՝ ընդդիմությունը եւ մասնավորապես «Հանրապետություն» կուսակցությունը չունեն անհրաժեշտ ֆինանսներ, որ հանրահավաքի մասնակցելու ցանկություն ունեցողների գոնե 20%-ին կարողանան ապահովել ճանապարհածախսով: Այսուհանդերձ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը դեռեւս ասում է. - «Եթե մեր մտածած քայլերի 70-80%-ն էլ իրականացնենք, ապա հունիսի 4-ին հրավիրված հանրահավաքը շատ ավելի բազմամարդ կլինի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG