Մատչելիության հղումներ

Ընդդիմության ղեկավարները քննարկում են պայքարի նոր մարտավարությունը


Երկուշաբթի օրը «Արդարություն» դաշինքի հերթական նիստում ընդդիմության ղեկավարները ուժի մեջ են թողել բողոքի ակցիաները հունիսի 4-ից շարունակելու՝ անցած շաբաթ կայացրած որոշումը:

Մինչեւ հունիսի 4-ը, սակայն, ընդդիմադիրները անցկացնելու են «լոկալ» հանդիպումներ:

«Հանդիպումները կազմակերպվելու են Երեւանի տարբեր համայնքներում՝ բակային հանդիպումներ, հանրապետության այլ քաղաքաներում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը: - «Նախապատրաստվելու ենք հունիսի 4-ին նախատեսված մեծ հանրահավաքին: Մտադրություն կա կազմակերպելու նաեւ դահլիճային մեկ մեծ հանդիպում»:

Բազեյանը չհստակեցրեց, թե հատկապես երեւանյան որ դահլիճում են իրենք հանդիպելու մայրաքաղաքաի բնակիչներին՝ չբացառով, որ իշխանությունները կանեն հնարավորը, որպեսզի այդ հանդիպումը տեղի չունենա: Ընդհանրապես, նրա խոսքերով, ընդդիմությունը անընդհատ ստիպված է լինում ընթացքում փոխել պլանները՝ ելնելով իշխանությունների քայլերից, «հարուցվող խոչընդոտներից»:

Մինչեւ հունիսի 4-ը ընդդիմության ուշադրության կենտրոնում լինելու են ձերբակալված ակտիվիստները: ՀԺԿ ղեկավար անդամ Գրիգոր Հարությունյանի փոխանցմամբ, միացյալ ընդդիմության հետագա գործողությունները մեծապես կախված են լինելու նաեւ «քաղբանտարկյաների» հարցում իշխանությունների որդեգրած դիրքորոշումից:

«Եթե մինչեւ ամսի 4-ը ազատ չարձակվեն քաղբանտարկյալները, մենք կսկսենք բազմաբնույթ բողոքի ակցիաներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանը՝ պարզաբանելով. - «Ակցիաները իրենց մեջ ներառում են հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, պիկետներ»:

Նա ավելացրեց, թե այն, որ իշխանությունները չեն ցանկանում հետեւել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւին եւ ազատ չեն արձակում ձերբակալվածներին, լրջորեն նվազեցնում է ընդդիմություն - իշխանություն երկխոսության հնարավորությունները:

Գլխավոր հարցը, սակայն, որի պատասխանը պետք է գտնեն ընդդիմադիրները մինչեւ հունիսի 4-ը մեկն է՝ ինչպիսի՞ն են լինելու իրենց քայլերը այդ հանրահավաքից հետո: Ալբերտ Բազեյանը, օրինակ, նախապես կարծես զգուշացնում է, որ պետք չէ հուսալ, թե մեկ հանրահավաքով, մեկ բողոքի ակցիայով հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել:

«Սա պրոցես է, որը աստիճանաբար տանում է իշխանության թուլացման եւ այս պայքարի արդյունքում, ի վերջո, ժողովուրդը հասնելու է իր նպատակին», - ասաց նա:

Իշխանական կոալիցիան, մինչդեռ, շարունակում է պնդել, թե իշխանափոխության պահանջով հանդես է գալիս ժողովրդի փոքր մասը միայն:

Դաշնակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, օրինակ, ընդդիմադիրների հանրահավաքների մասնակիցների թիվը եղել է առավելագույնը 10-12 հազար:

Հարցին, թե ավելի բազմամարդ (ասենք՝ 60 հազարանոց, որքան, Հովհաննիսյանի խոսքերով, Դաշնակցությունն էր հավաքում Լեւոն Տեր- Պետրոսյանի օրոք կազմակերպվող հանրահավաքներին) հանրահավաքի դեպքում ՀՅԴ-ն ընդունի՞ արդյոք, որ կա իշխանափոխության պահանջ, Ազգային ժողովի փոխխոսնակը պատասխանեց. - «Ոչ, որովհետեւ ես չեմ կարող շարժվել փողոցում գտնվող մարդկանց քանակությամբ: Ես անձամբ դա երբեք չեմ պահանջի, որովհետեւ համարում եմ նախագահին ընտրված»:


Գեւորգ Ստամբոլցյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG