Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը «աշխուժացում է» տեսնում Ղարաբաղյան բանակցություններում


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «Ֆրանս Պրես» գործակալության հետ հարցազրույցում ասել է, թե որոշակի դադարից հետո «աշխուժանում են» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Ադրբեջանցի նախարարի խոսքերով, վերջերս ընդլայնված Եվրամիությունը ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ, ինչը, Մամեդյարովի կարծիքով, «դրական ազդեցություն» կունենա:

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բրյուսելում հանդիպումներ էր ունեցել Եվրամիության ղեկավարների հետ եւ հորդորել էր վերջիններիս, որ կազմակերպությունը ավելի ակտիվ դիրք գրավի հակամարտության խաղաղ լուծման որոնումներում:

«Որոշակի դադարից հետո բանակցությունները վերջին ժամանակներս աշխուժացել են», - հարցազրույցում ասել է Մամեդյարովը: - «Ինչպես վերջերս նոր անդամներ ընդունած Եվրամիությունը, այնպես էլ ամբողջ Եվրոպան սկսել են ավելի մեծ ուշադրություն հատկացնել Եվրոպայի մեր մասին: Ես վստամ եմ, որ դա դրական ազդեցություն կունենա հակամարտության խաղաղ լուծման որոնումների վրա»:

Ադրբեջանը, արտգործնախարարի խոսքերով, կողմնակից է միջանկյալ համաձայնագրի, որով Լեռնային Ղարաբաղի շրջակա շրջանները վերադարձնելու դիմաց Ադրբեջանը կվերաբացի հաղորդակցության ուղիները:

Նման համաձայնությունը կթուլացնի լարվածությունը կողմերի միջեւ եւ, Մամեդյարովի ձեւակերպմամբ՝ «հնարավորություն կստեղծի, որ բանակցություններն առաջ ընթանան՝ որեւէ փոխզիման հասնելու նպատակով»:

Հայկական կողմի բանագնացները արդեն հերքել են այդ առաջարկությունը, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարը ասել է, թե ինքը «հաստատակամ է լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG