Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանյան միացյալ ընդդիմությունը ուրբաթ օրը հերթական հանրահավաքը անցկացրեց Մատենադարանի մոտ: Ընդդիմության առաջնորդները՝ վերահաստատելով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությանը հասնելու իրենց վճռականությունը, հայտարարեցին, որ հանրահավաքային պայքարի վճռական փուլը կսկսվի հունիսի 4-ից:

Ինչպեսեւ անցած անգամ, ոստիկանները թույլ չէին տալիս, որ բարձրախոսները միացվեն էլեկտարական վահանակին, սակայն երբ հայտնվեցին հեռուստաօպերատորների խցիկների առջեւ, հավանաբար համաձայնեցնելով իրենց ղեկավարության հետ, կազմակերպված հեռացան, եւ հանրահավաքը որոշ ուշացումով սկսվեց:

Հանրահավաքի բանախոսների խոսքը քիչ էր տարբերվում նախորդ հանրահավաքների ելույթներից: Հիմնական հարցը, որ հուզում էր հազարավոր ցուցարարներին հետեւյալն էր՝ երթի կոչ կլինի՞, թե՞ ոչ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հանրահավաքի ընթացքում ասաց «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, վերջնական որոշումը պիտի ընդունվեր հանրահավաքի ավարտին:

Երթ, ամեն դեպքում, չեղավ: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, սակայն, տեղեկացնելով իրենց հետագա քայլերի մասին, հայտարարեց, որ հունիսի 4-ին հերթական հանրահավաքը կանցկացվի Մատերանադարի մոտ, ինչին կհետեւեն բողոքի արդեն անընդմեջ ակցիաներ՝ նստացույցեր, երթեր եւ այլն, որոնք, Բազեյանի խոսքերով, կշարունակվեն մինչեւ իշխանափոխություն:

«Արդարություն» դաշինքի ղեկավարներից Վիկտոր Դալլաքյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հավաքվե՞լ է արդյոք այն «կրիտիկական մասսան», որը, ընդդիմադիրների խոսքերով, անհրաժեշտ վճռական գործողությունները սկսելու համար, ասաց. - «Կրիտիկական մասսան նա է, որ գիշերը մնա: Այ, այս մասսան եթե գա եւ գիշերը մնա, կրիտիկական է»:

Շարունակելով՝ Դալլաքյանը ասաց, որ հաջորդ երթը դեպի Բաղրամյան պողոտա լավ նախապատրաստված է լինելու. - «Մենք այնտեղ մեկ անգամ ենք գնալու, ու էլ չենք գալու»:

Նրա խոսքերով, ընդդիմադիրների աջակիցները շատ ավելի ստվար են, քան հանրահավաքների մասնակիցների քանակն է. բազմաթիվ են մարդիկ, ովքեր պարզապես սպասում են վճռական գործողությունների կոչի:

Հանրահավաքի վերջում հրապարակվեց միացյալ ընդդիմության հայտարարությունը, որով «Արդարություն» դաշինքը, «Ազգային միաբանություն»-ը եւ Հայաստանի կոմկուսը՝ վերահաստատելով միասնական գործելու իրենց վճռականությունը, խոստացան սկսած պայքարը շարունակել մինչեւ վերջնական նպատակին հասնելը:


Գեւորգ Ստամբոլցյան եւ Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG