Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի մեկնաբանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ իշխանությունը մոբիլիզացրել է բոլոր հնարավորությունները՝ մոսկովյան աջակցություն ստանալու համար. - «Մոսկվայից վերադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունեցավ հայտարարելու, որ ընդդիմության հետ դիմակայությունում ինքը վայելում է Վլադիմիր Պուտինի զորակցությունը: Նման զորակցության հետքեր երեւում էին եւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Իվանովի կեցվածքում. նա հենց օդակայանում հայտարարեց, որ բանակցելու է իր «գործընկեր եւ ընկեր» Սերժ Սարգսյանի հետ»: «Իսկ Մոսկվայից ստացած աջակցության գինը օբյեկտիվորեն Հայաստանի ինքնիշխանության հաշվին է», - սահմանում է մեկնաբանը: - «Դա նախ երեւաց Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցից, քանզի պարզ դարձավ, որ Հայաստան - Իրան գազամուղն օգտագործվելու է զուտ Հայաստանի գազամատակարարման համար եւ ոչ թե գազի տրանզիտի: «Գնային» մյուս բաղադրիչը երեւաց Սերժ Սարգսյանի խոսքից. վերջինս հայտարարեց, որ ռուսական ռազմահենակետը երբեք դուրս չի բերվելու Հայաստանից: Կարելի է ենթադրել, որ հետագայում կլինեն եւ կոնկրետ ձեռնարկությունների տեսքով երաշխիքներ»: Այսուհանդերձ, «Իրավունք»-ում նաեւ ընդգծվում է. - «Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվայում ստացած աջակցությունը դեռեւս չի նշանակում ընդդիմությանը ոչնչացնելու «քարտ-բլանշ», քանզի նույն Մոսկվային ամենեւին էլ պետք չէ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գոյացումն ու աճը... Ինչեւէ, ե'ւ տարածաշրջանում ընթացող մեծ խաղի տրամաբանությունը, ե'ւ ուժերի դասավորությունը ներքաղաքական դաշտում օբյեկտիվորեն տանում են նրան, որ առաջիկա շաբաթների ընթացքում բավականին մեծ հավանականությամբ Բաղրամյան պողոտան կրկին դառնալու է կիզակետ», - եզրափակել է այսօր «Իրավունք»-ի մեկնաբանը:

«Հայկական ժամանակ» թերթը խտացնում է. - «Մի քանի օր առաջ խոսելով Եվրախորհրդի մասին, Քոչարյանը հստակ ասաց, որ Եվրոխորհուրդը ամենեւին էլ պոլիտբյուրո չէ: Երեկվա հարցազրույցում նա բոլորին ուզում էր հստակ հասկացնել, որ իր համար պոլիտբյուրոյի տեղը չի փոխվել եւ առաջվա նման գտնվում է Մոսկվայում»:

«Այբ-Ֆե» թերթը դեպի դուրս հայացքի մեջ է տեղավորել եւ Արտաշես Գեղամյանի եւ Արամ Կարապետյանի բախումը: «Նրանք երկուսն էլ ռուսամետ գործչի համարում ունեն. կարող են աջակցություն ստանալ Ռուսաստանից եւ խաղագումարը դնելու են մոտավորապես նույն ընտրազանգվածի վրա», - անհամատեղելիության հիմքն է մատնանշում «Այբ-Ֆե»-ն: - «Նույն տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ առաջիկայում սուր հակասություններ կծագեն, օրինակ, Դավիթ Հարությունյանի եւ Արմեն Դարբինյանի, Րաֆֆի Հովյաննիսյանի եւ այդ երկուսի միջեւ... Այս ամենը նշանակում է, որ գալիք ընտրությունների (դեռ պարզ չէ՝ հերթական, թե արտահերթ) մեկնարկը տրված է»:

«Պետությունն ու հասարակությունը ունեն ընդդիմության կարիքը: Հանգուցալուծման տարբերակները շատ չեն. կա'մ այսօրվա ընդդիմությունը կկատարի իր ֆունկցիան, կա'մ նրան կփոխարինի մեկ այլ քաղաքական ուժ, որը կկատարի քաղաքական դաշտին հարիր իր գործառույթը», -բանաձեւում է այսօր «Երկիր» թերթը: Իսկ այդ գործառույթը, ըստ «Երկիր»-ի, հետեւյալն է. - «Երկրի ու ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման ուղիներ մշակել եւ առաջարկել քաղաքական ինստիտուտների, տվյալ դեպքում՝ պետության բարձրագույն օրենսդիր մարմնի միջոցով»: Սրա կողքին Դաշնակցության պաշտոնաթերթն այսօր ծավալուն հարցազրույց է ներկայացնում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ, ով, մասնավորապես, ասում է. - «Երկու ուժ միշտ տարբերել եմ իշխանական շրջապատում՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ Հանրապետական կուսակության մի մասը... Նրանք ազգային ուժեր են, լիովին վստահ եմ, որ տեր կկանգնեն իրենց բարձրացրած հարցերին: Միանշանակ համոզված եմ, որ այդ հարցերի շուրջ մենք կանգնելու ենք իրար կողքի»:

«Հայոց աշխարհ» թերթում այսօր՝ որպես օրախնդիր, հետեւյալ խորհրդածություններն են. - «Այնպիսի երկրներում, ինչպիսին մերն է, քաղաքական կայունության գլխավոր երաշխավորը նախագահի հեղինակությունն ու վարկանիշն է։ Սակայն առաջնորդի վարկանիշը թեեւ նշանակալից, բայց բնավ ոչ միշտ հաստատուն մեծություն է։ Շատ ավելի հուսալի է մարդկանց հոծ խավի առկայությունը, որը երաշխավորում է երկրին մշտական կայունություն։ Զանգվածային քաղաքական կուսակցությունն այստեղ կարող էր բավական կարեւոր դեր խաղալ», -բխեցնում է տեսաբանը։ - «Այդպիսի կազմակերպությունը պետք է հենվի ոչ միայն կուսակցական ցուցակներում կամավոր-հարկադրաբար ներգրավված բարձրաստիճան չինովնիկների ու նրանց հարող առանձին ձեռնարկատերերի վրա, որոնք կուստոմսը դիտում են որպես ապահովագրության թուղթ»: «Նման կուսակցություն մեզանում, ցավոք, չկա, եւ քանի դեռ այն չի ստեղծվել, իրական կայունություն ակնկալել դժվար է», - բանաձեւված է «Հայոց աշխարհ»-ում։ - «Եվ խոսելով երրորդ ուժի մասին, պետք է նկատի ունենալ ոչ թե, ենթադրենք, «Արդարության» փոխարինումը «Նոր ժամանակներ»-ով կամ «Ազգային միաբանություն»-ը՝ «Ժողովրդական կուսակցություն»-ով, այլ նոր քաղաքական ուժի ձեւավորումը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG