Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Երեւանի «Հայաս» կարի ֆաբրիկայում շրջելուց ու խորհրդակցություն անցկացնելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակեց ընթացիկ տարվա չորս ամսվա կտրվածքով երկրում տնտեսական աճի ցուցանիշը՝ 9 տոկոս: Առաջին երեք ամիսներին արձանագրված աճը 7,5 տոկոս էր:

Ռոբերտ Քոչարյանը այսօր չհանդուրժեց տնտեսությունից դուրս հարցերը: Լրագրողներից ոմանք նույնիսկ տնտեսական փաթեթով փորձեցին մատուցել քաղաքական հարցերը: Օրինակ՝ հարցին, թե ֆաբրիկայի ղեկավարության հետ քննարկվե՞ց քաղաքական ներկայիս զարգացումների ազդեցությունը տնտեսության վրա, նախագահը բացասական պատասխան տվեց՝ ավելացնելով. - «Գիտեք, պարզ հարցեր են մտահոգում մեր գործարարներին: Օրինակ՝ սարքավորումները ներմուծելիս ավելացած արժեքի հարկը խանգարո՞ւմ է, թե՞ չի խանգարում»:

«Այն, ինչով դուք շատ եք մտահոգված, գործարարները շատ ավելի պարզ հաշվարկներ ունեն, շատ ավելի հողի կպած բնազդ ունեն, որով իրենք զգում են, որ այդ զարգացումները Հայաստանում իրենց բիզնեսին որեւէ վտանգ չեն սպառնում, քանի որ որեւէ լուրջ նման զարգացում ոչ մեկը չի ակնկալում», - շարունակեց նախագահը:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մինչդեռ, անցած շաբաթ «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասել էր. - «Գուցե իմ կարծիքը տարբերվում է իշխանական շրջանակներից հնչող այն տեսակետից, որ ներքաղաքական դաշտում արձանագրվող այս դեպքերը չեն ազդում մեր տնտեսության առաջընթացի վրա: Ըստ իս, ազդում են»:

Ի պատասխան լրագրողներից մեկի՝ ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցին վերաբերող հարցին, Ռոբերտ Քոչարյանը ասաց, թե դեռ չի ծանոթացել այդ զեկույցին: Ավարտվող շաբաթվա սկզբին հրապարակված այդ զեկույցում, մինչդեռ, նշվել է, որ Հայաստանում անցած նախագահական վերջին ընտրությունները «չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանում իր ելույթի հիմնական ուղերձը, նախագահը արձագանքեց. - «Մեկ ամիս կա մինչեւ այդ այցը: Դուք կարծում եք, եւ հիմա գործերս թողած, տնտեսություն, զարգացում թողած՝ մտածում եմ, մտորումների մեջ եմ, թե ի՞նչ ուղերձ է լինելու»:

Նախագահը անպատասխան թողեց «Ազատություն» ռադիոկայանի հարցը, թե ի՞նչ պատասխան է տալիս, երբ իրեն դրսում հարցնում են, թե ինչ է ուզում հայաստանյան ընդդիմությունը:

Երեկ, սակայն, Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում նախագահը ասել էր՝ ճամփորդությունների ժամանակ իրեն բոլորը հարցնում էին, թե ինչ է ուզում ընդդիմությունը. - «Ասում էին՝ ծանոթանում ենք նյութերին ու չենք հասկանում, թե ինչ են ուզում»: Նույն հարցազրույցում նախագահն ասել է նաեւ. - «Ընդդիմության փողոցային գործելակերպը, այսպես ասենք, քաղաքական կտրվածքով ընդհանրապես անընդունելի է համարվում դրսում: Առաջին հերթին, թվում է, թե ես պետք է ուրախանամ. չէ՞ որ իմ հակառակորդներին ներքաղաքական առումով, այսպես ասենք՝ լուրջ չեն վերաբերվում: Բայց՝ ճիշտ հակառակը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG