Մատչելիության հղումներ

logo-print

Հանրահավաքից առաջ կրկին սահմանափակվում է մարդատար փոխադրամիջոցների մուտքը Երեւան


Միացյալ ընդդիմության՝ այսօր կայանալիք հերթական հանրահավաքից առաջ իշխանությունները կրկին սահմանափակում են մարզերից հանրահավաքի հնարավոր մասնակիցների մուտքը Երեւան: Ըստ ընդդիմության ներկայացուցիչների, շարունակվում են նաեւ իրենց աջակիցների ձերբակալությունները:

Կեսօրին մոտ օրինակ Աշտարակի պետավտոտեսչության անցակետից «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ զանգահարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ տեղեկացնեոլվ, որ ոստիկանները խոչընդոտում են հանրահավաքին մասնակցել ցանկացող վանաձորցիներին Երեւան տեղափոխող ավտոբուսի մուտքը մայրաքաղաք:

«Ոստիկանը ասաց, որ կառավարության որոշման համաձայն, ուղեւորների տեղափոխում իրավունք ունեն կատարել միայն դեղին համարանիշներով ավտոմեքենաները, որ արգելված է սպիտակ համարանիշներով ավտոմեքենաների մուտքը Երեւան», - ասաց Սաքունցը:

Ի վերջո, վանաձորցիները ստիպված են եղել հետ գնալ Աշտարակ եւ այնտեղից Երեւան հասնել երթուղայիններով:

«Ազգային միաբանություն» կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Էմիլ Կիրակոսյանի փոխանցմամբ էլ, մինչեւ երեկոյան ժամը հինգը արգելված է երթուղային միկորավտոբուսների երթեւեկությունը Գյումրիից Երեւան:

Առավոտվանից ահազանգեր կային նաեւ Կոտայքի մարզի մի շարք ճանապարհների վրա իրականացվող ստուգումների եւ ուժեղացված հսկողության մասին: Խոսքը նախեւառաջ Աբովյան - Չարենցավան, Եղվարդ - Երեւան ճանապարհների մասին է: Օրվա երկրորդ կեսին, ըստ «Արդարություն» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանի, արդեն փակ էր Երեւան բերող մայրուղու Սպիտակ - Վանաձոր հատվածը:

ՀԺԿ վարչության անդամ Ստեփան Մինասյանի փոխանցմամբ, ընդդիմության ակտիվիստների ձերբակալության եւ վարչական կալանքի ենթարկելու վերջին դեպքը արձանագրվել է Երեւանում անցած գիշեր:

«Այսօր առավոտյան հայտնեցին, որ երկու հոգու արդեն Երեւան քաղաքի Շենգավիթի շրջանից են ձերբակալել: Դա Ռուբեն Սարգսյանն է եւ Մաքսիմ Գասպարյանը՝ երկուսն էլ ՀԺԿ-ի Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մինասյանը՝ ավելացնելով, որ դատարանի որոշմամբ նրանք արդեն ենթարկվել են վարչական կալանքի:

Դուստրիկ Մխիթարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այսօր ոստիկանության զրույցի են կանչվել եւ հարցաքննվում են «Հանրապետություն» կուսակցության Արմավիրի կառույցի ղեկավար Ազատ Գրիգորյանը եւ նրա տեղակալը:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG