Մատչելիության հղումներ

Մշակույթի նախարարը դժգոհ է մշակույթի ոլորտին արված հատկացումներից


Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը վերջերս համալրած անդամ Հովիկ Հովեյանը կառավարության նիստից հետո իր դժգոհությունը հայտնեց մշակույթի ոլորտին՝ մասնավորապես հուշարձանների պահպանությանը եւ ոչ պետական մամուլի աջակցմանը կառավարության այսօրվա որոշմամբ արված հատկացումներից:

«Ես կարծում եմ, շատ քիչ է: Մեր հուշարձանների նորոգմանն ու վերանորոգմանը մենք պետք է հետագայում ավելի մեծ սուբսիդիաներ հատկացնենք, որովհետեւ այս տնայնագործական միջոցառումները, որ մենք անում ենք՝ փառատոններ, մրցույթներ ստից-մտից բաներ, օգուտ չեն տալու», - ասաց Հովեյանը՝ մեկնաբանելով հուշարձանների պահպանությանը 50 միլիոն դրամ հատկացնելու մասին կառավարության որոշումը: - «Ավելի լավ է 4-5 եկեղեցի ավելի վերանորոգել, քան մի սուտի-մուտի միջոցառում անել այստեղ՝ մեր հանրապետական մասշտաբի»:

Նախարարը դժգոհ է նաեւ ոչ պետական մամուլի աջակցման ամենամյա ծրագրերի շրջանակներում տրվող օժանդակության չափից. այսօր կառավարությունը այդ նպատակով 41 միլիոն դրամ է հատկացրել:

«Էս էլ գումար չի», - ասաց նա: - «Արդեն պլանավորված, որոշված տալիս են. նախարարն ի՞նչ պիտի անի»:

Նախարարը անդրադարձավ նաեւ այսօրվա նիստում հաստատված «Մշակութային արժեքների արտահանման մասին» նոր օրենքի նախագծին, որով ազատականացվում է երկրից մշակութային արժեքների դուրսբերումը: Օրենքը սահմանում է նաեւ արվեստի գործերի կամ մշակութային արժեքների ցանկը, որոնք ենթակա չեն արտահանման: Օրինակ՝ էջմիածնի գանձատանը մասնատուփերի մեջ պահված Գրիգոր Լուսավորչի կողոսկրը կամ Նոյյան տապանի կտորը:

«Դա ոչ մի կերպ մենք չպետք է թույլ տանք արտահանել, որովհետեւ, եթե, Աստված մի արասցե, օդանավը վթարի ենթարկվի, այդ մասունքը անհետանում է ընդմիշտ», - փաստարկեց մշակույթի նախարարը:

Հովիկ Հովեյանը հայտարարեց, թե չի խոսելու իր նշանակման քաղաքական հանգամանքների, արդեն արած կադրային փոփոխություների եւ նախարարության գործերի մասին:

«Բնագավառը, ապարատը դեռ չգիտեմ: Մշակույթի նախարարությանն առնչվող հարցեր ինձ խնդրում եմ չտալ՝ չեմ պատասխանելու», - լրագրողներին ասաց նա:

Այդուհանդերձ, որոշ դիտարկումներ նախարարն արեց:

«Ինչ վերաբերում է իմ գալուն, ես շատ համեստ մարդ եմ», - ասաց նա: - «Ես չեմ գերագնահատում իմ հնարավորությունները... Ես եկել եմ գործ անելու եւ ուզում եմ աշխատել այնպես, որ ինձ դուրս դնելուց հետո մարդիկ չասեն՝ ամոթ»:

Նախարարի հետագա ասածներից պարզվեց, որ ինքը վարչապետի հետ հեռավոր ազգակցական կապ ունի:

«Ես կառավարություն չեմ եկել աշխատելու, ես եկել եմ կառավարությունը օգնելու: Վարչապետը իմ հեռավոր ազգականն է», - տեղեկացրեց նա՝ շարունակելով. - «[Անդրանիկ Մարգարյանը] լրջմիտ մտավորական է՝ ամեն հարցին շուտ արձագանքող, արի, ազնիվ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG