Մատչելիության հղումներ

«Միջազգային կազմակերպությունների կարծիքը միշտ շատ ավելի կարեւոր է, քան առանձին պետությունների, կառույցների կարծիքը», - Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ամենամյա զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Հայաստանի Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:

Թերեւս, նկատի ունենալով 2003 թվականի հայաստանյան ընտրություններին տված գնահատականները՝ Ազգային ժողովի փոխխոսնակը շարունակեց. - «Հետաքրքիր կլիներ լսել պետդեպարտամենտի կարծիքը Ջորջ Բուշի ընտրության մասին՝ ի՞նչ կեղծիքներ թույլ տրվեցին, ինչո՞ւ դատը կիսատ մնաց եւ այլն, դրանից հետո, կարծում եմ, կարող ենք մնացյալ երկրների ընտրությունների մասին լիարժեք տեղեկություններ ստանալ փաստաթղթերից»:

«Իրաքում վերջին շրջանում տեղի ունեցած խայտառակ արարքների մասին նույնպես հետաքրքիր կլինի իմանալ պետդեպարտամենտի կարծիքը», - հարկ համարեց նշել պարոն Թորոսյանը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Օրդեւեյը, մինչդեռ, այսօր Երեւանում լրագրողներին ասել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը կազմվել է Human Rights Watch հեղինակավոր միջազգային կազմակերպության՝ փետրվարին հրապարակած զեկույցի հիման վրա:

«Կարծում ենք, երկուսն էլ [զեկույցները] շատ անաչառ են, արտացոլում են Հայաստանի ե'ւ դրական, ե'ւ բացասական կողմերը: Եվ կարծում եմ, շատ դիտորդներ ու Հայաստանի քաղաքացիներ համաձայն կլինեն», - ասել է դեսպան Օրդուեյը:

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց խնդրահարույց քվեարկության արդյունքում: Ընտրություններում տեղ գտան լուրջ խախտումներ, ինչի արդյունքում ընտրությունները չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին». - մեջբերելով զեկույցի այս հատվածը՝ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը մեկնաբանեց. - «Պետդեպարտամենտը, որը ներկայացնում է Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը, ըստ էության, արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի վերընտրության հարցում կա լուրջ պրոբլեմ: Այսինքն՝ լուրջ կասկածի տակ է դրվել Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմության խնդիրը»:

Մարդու իրավունքների ոտնահարումների եւ այլ բնագավառներում թերացումների գնահատականները, ըստ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ «ընդհանուր առմամբ ճիշտ են»:

«Անելիքները, որոնք մատնանշված են, իսկապես կան բոլոր այդ բնագավառներում», -«Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուստամյանը՝ կարծիք հայտնելով, թե այդ սպեկտրը նույնիսկ ավելի նեղ է արտահայտված զեկույցում, քան իրականում Հայաստանը ծրագրել ու պարտավորվել է շտկել:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ զեկույցի ձեւակերպումները «խիստ են», ավելացրեց. - «Բայց, ես կարծում եմ, ճիշտ է ներկայացված Հայաստանի իրավիճակը»:

«Իշխանությունների համար կարող է այնքան էլ վատ չէ, բայց երկրի համար վատ է՝ ֆիքսվում է, որ երկրում այդպիսի իրավիճակ է», - շարունակեց Մանուկյանը: - «Բայց, քանի որ իշխանավորների համար երկրի վիճակը մեծ նշանակություն չունի, իրենց էլ չի սպառնում աշխատանքից դուրս շպրտելը, իրենք բավականին հանգիստ են»:

Արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պաշտոնական Երեւանը, թեեւ միշտ «լուրջ է վերաբերում նման զեկույցներին, «միշտ չէ, որ համաձայն է լինում բոլոր նման ձեւակերպումներին»:

Կոնկրետ որ ձեւակերպումների հետ համաձայն չէ Երեւանը, Գասպարյանն այսօր չկամեցավ հանրային քննարկման առարկա դարձնել՝ ավելացնելով, այդուհանդերձ. - «Մի կարծեք, թե դրանք չեն քննարկվելու դիվանագիտական խողովակներով, մեր առանձին հանդիպումների ժամանակ: Եվ երբ հարկ լինի եւ առիթ լինի, դրա մասին կխոսվի նաեւ հանրության առջեւ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG