Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների կողմից հավելյալ օգնության հատկացումը պայմանավորվում է նաեւ քաղաքական բարեփոխումներով


Տնտեսական համագործակցության հայամերիկյան միջկառավարական հանձնախմբի երկօրյա նիստի ավարտին հրավիրված ասուլիսում ամերիկյան կողմից համանախագահ, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ուղղվող ամերիկյան օգնության կոոորդինատոր դեսպան Կառլոս Պասկուալը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից տրամադրվելիք օգնությունը պայմանավորեց որոշակի չափանիշներով. տնտեսական ազատությունների եւ մարդկային կապիտալի մեջ արվող ներդրումներից զատ, այդ չափանիշները ծրագիրը ներառում է նաեւ քաղաքական պահանջների խումբ:

2004 թվականի ֆինանսական տարվա համար «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ամերիկյան կառավարությունը հատկացրել է մեկ միլիարդ դոլարի օգնություն։ Այդ գումարի բաշխման մրցույթին, 16 երկրների հետ միասին, հրավեր է ստացել նաեւ Հայաստանը։

Նշելով, որ ավարտված նիստի օրակարգի առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր հենց այդ ծրագրի շրջանակներում Հայաստանին ցուցաբերվելիք լրացուցիչ օգնության հարցերին, ամերիկացի պաշտոնյան ասաց, թե «որեւէ երաշխիք չի տրվել, որ ցանկացած ծրագրային առաջարկ կֆինանսավորվի»։ Դա կախված կլինի, թե թվարկված երեք ոլորտներում ձեռքբերված ցուցանիշները արդյոք շարունակակա՞ն են, ինչպես նաեւ նրանից, թե ինչպիսին է ներկայացվող ծրագրերի որակը։

Բնականաբար, ամերիկացի դիվանագետը չմանրամասնեց, թե ինչքան հավելյալ օգնություն կստանա Հայաստանը կամ կստանա արդյո՞ք՝ հաշվի առնելով երկրի ներքաղաքական զարգացումները։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, դեսպան Պասկուալն ասաց. - «Ինչպես գիտեք, վերջին մի քանի ամիսներին Հայաստանում եղել են խնդիրներ, որոնք հարցեր են առաջադրել քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների վիճակի վերաբերյալ, եւ ակնկալիքը՝ կապված ծրագրում առաջընթաց կատարելու պայմանի հետ, այն է, որ դրանց առնչությամբ ոչ թե հետընթաց, այլ առաջընթաց քայլեր արվեն»:

«Իհարկե հաջորդ մի քանի ամիսներին մենք կշարունակենք ուշադրությամբ հետեւել Հայաստանի քաղաքական զարգացումներին, դրանք հաշվի կանենք: Եվ, իհարկե, հաշվի կառնենք կառավարության ներկայացրած ծրագրերի արժանիքները», - ավելացրեց նա:

Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նույնպես վստահ չէ, թե Հայաստանը կստանա ամերիկյան լրացուցիչ օգնությունը:

«Եթե մենք այսօր դեռ բավարարում ենք, հնարավոր է, որ վաղը չբավարարենք եւ հետագա օգնություն չստանանք: Մենք պետք է աշխատենք, որ միշտ այդ ցուցանիշները, որոնք անհրաժեշտ են, Հայաստանը մնա այդ շրջանակներում», - ասաց նա:

Ընդհանուր առմամբ, Պասկուալը իր գոհունակությունը հայտնեց հանդիպման արդյունքներից՝ փաստելով, որ Հայաստանը վերջին տարիներին շոշափելի տնտեսական աճ է գրանցել ու ի վիճակի է այն դարձնել շարունակական։

Հայաստանի պատասխանատուները, հայկական կողմի համանախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի փոխանցմամբ, հավաստիացրել են, որ կշարունակեն բարեփոխումները եւ ծրագրային պայքար կմղեն կոռուպցիայի դեմ:

«Մենք անկեղծորեն քննարկեցինք Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը, մասնավորապես, կաշառառության դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը», - ասաց Պասկուալը՝ ավելացնելով, որ իշխանությունները պետք է կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ օրինակներ բերեն, որպեսզի հասարակությանը համոզեն, թե այդ ուղղությամբ ռեալ քայլեր են անում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG