Մատչելիության հղումներ

«Հայաստանի իշխանությունների գործելակերպը մարդու իրավունքների ոլորտում անբավարար է»


«Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է վիճահարույց ընտրություններով, որոնք աղճատված էին բազմաթիվ լուրջ խախտումներով, արդյունքում ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին», - ասված է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի՝ երեկ հրապարակված զեկույցում:

Ի տարբերություն Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցների, որտեղ գնահատվում են աշխարհի 196 երկրներ, այս նոր զեկույցը պարունակում է այն 101 երկրների ցուցակը, որոնք վերջին երկու տարում ԱՄՆ-ի վարչակազմի մտահոգությունն են հարուցում մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից:

«Անվտանգության ծառայությունների որոշ աշխատակիցներ մարդու իրավունքների խախտումներ են թույլ տվել: Տեղեկություններ կան ինքնակամ ձերբակալությունների եւ կալանումների մասին, մարդիկ մինչեւ դատը երկար ժամանակ պահվում են մեկուսարաններում», - զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշում է ԱՄՆ-ի արտգործնախարարությունը՝ ավելացնելով. - «Կալանավայրերի բարեփոխումն իրականացվում է, սակայն պայմաններն այդ վայրերում մնում են հիմնականում անբավարար: Հայաստանցի դատավորները ճնշման են ենթարկվում գործադիր իշխանությունների կողմից, դատավորներից ոմանք կոռումպացված են: Որոշ սահմանափակումներ կան մամուլի ազատության, միավորումներ կազմելու, ժողովներ գումարելու եւ դավանանքի բնագավառներում»:

Հայաստանի իշխանություններին Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկույցում տրված ընդհանուր գնահատականը հետեւյալն է. - «Հայաստանի կառավարության գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2003-2004 թվականներին մնացել են անբավարար»:

Զեկույցում նաեւ նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացմանն ուղղված միջոցառումների համար անցած տարի Պետդեպարտամենտը հատկացրել էր գրեթե 22,5 միլիոն դոլար:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG