Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում անդրադառնալով, անցած շաբաթ Ստրասբուրգում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպմանը, չհերքեց Մամեդյարովի պնդումները, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում քննարկվում է գրավյալ 7 շրջանները վերադարձնելու դիմաց հաղորդակցության ուղիների բացման հարցը:

«Պայմանավորվածությունը այնպիսին է, որ կողմերը ցանկացած հարց կարող են դնել, բայց դա չի նշանակում, որ օրակարգային խնդիր է», - ասաց Հայաստանի արտգործնախարարը: - «Որովհետեւ մենք պայմանավորվածություն ունենք չբացել, թե ինչ հարցեր ենք քննարկել, ես ձեռնպահ կմնամ որեւէ բան հաստատելուց կամ մերժելուց»:

Նախարարը ուղղակի պատասխան չտվեց նաեւ հարցին, թե արդյո՞ք Հայաստանի համար ընդունելի է հաղորդակցության ուղիները վերաբացման դիմաց տարածքներ վերադարձնելը:

«Համենայն դեպս, որեւէ բան չի մերժվում: Իսկապես բուռն քննարկումներ են գնում», - ասաց Օսկանյանը: - «Ուղղակի այստեղ պետք է հույս հայտնել, որ կկարողանանք մենք առավել հստակություն մտցնել ամենամոտ ապագայում»:

«Սրանք նույնիսկ պետք չէ բանակցություններ անվանել. սրանք ավելի խորհրդատվություններ են՝ ինչպես Մինսկի խումբն է ձեւակերպում, եւ կարծում եմ, որ դա ճիշտ է: Այս պահին դեռեւս մենք փնտրտուքի մեջ ենք, եւ խորհրդատվություններ են անցկացվում հստակեցնելու համար այն հիմքը, որի վրա, երեւի թե, բանակցությունները հետագայում պետք է տեղի ունենան», - ասաց Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. - «Հարցի էությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Մնացած բոլոր խնդիրները հետեւանք են այդ խնդրին լուծում չտալուն»:

«Այնպես որ, եթե ուզում ենք հարցին լուծում տալ, պետք է կենտրոնանանք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա եւ ոչ թե փորձենք կողմնակի հարցերին լուծում տալ՝ թողնելով հիմնականը մի կողմ», - շեշտեց Վարդան Օսկանյանը:

Ամեն դեպքում, Հայաստանի արտգործնախարարը «դրական եւ օգտակար» գնահատեց Ստրասբուրգում կայացած հանդիպումը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG