Մատչելիության հղումներ

Երեւանում այսօր մեկնարկած Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական նիստի օրակարգում ընդգրկված են ամերիկյան կառավարության կողմից Հայաստանին տրվող օգնության շրջանակներում կատարվող ծրագրերի ընթացքի՝ մասնավորապես, էներգետիկ ոլորտի զարգացման, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման, մարդկանց բռնի տեղափոխման եւ շահագործման (թրաֆիքինգի), ինչպես նաեւ տեռորիզմի դեմ պայքարի հարցեր։

Երկօրյա նիստում ամերիկյան կողմից համանախագահում է Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով կոորդինատոր, դեսպան Կառլոս Պասկալը, հայկական կողմից՝ ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։

Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանի փոխանցմամբ, այս հանդիպման առանցքային հարցերից մեկն էլ այս տարվա մայիսի 6-ին ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերների կորպորացիա»-ի օգնության ծրագրում 16 այլ երկրների հետ մեկտեղ նաեւ Հայաստանի ընդգրկման ու մեր երկրին ցուցաբերվելիք հավելյալ օժանդակության խնդիրն է։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ դա պարզապես օգնություն չի լինելու:

«Սա ծրագրային սկզբունքով է իրականացվելու: Հայաստանը պետք է մշակի եւ տրամադրի այն ծրագրերը, որը կուզենար, որ ֆինանսավորվեին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հաշվից», - ավելացրեց Ավետիսյանը:

Այդ ծրագրով ամերիկյան կառավարությունը 2004 թվականի ֆինանսական տարվա համար իբրեւ անհատույց օժանդակություն 1 միլիարդ դոլար է հատկացրել այն երկրներին, որոնք շնչի հաշվով ցածր՝ 1425 դոլարից պակաս եկամուտ ունենալով, միաժամանակ հակված են բարեփոխումների ու կենսունակ տնտեսական աճ ունեն. Ըստ ամերիկյան փորձագետների, Հայաստանը նման երկիր է ու կարող է զգալի հավելյալ օգնություն ակնկալել.

«Դա շոշափելի գումարներ են լինելու ե'ւ Հայաստանի տնտեսության համար, ե'ւ կոնկրետ այն ծրագրերի համար, որ Հայաստանը պետք է ներկայացնի», - փոխանցեց փոխնախարարը: - «Եթե շատ որակյալ ծրագրեր Հայաստանը ներկայացնի, ապա այդ գումարը կավելանա»:

Ավետիսյանը ավելացրեց, որ առաջիկա երկու-երեք ամիսներին կմշակվեն ու կհստակեցվեն «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ին ներկայացվելիք ծրագրերը։ Դրանց ընդհանուր գումարը կարող է նվազագույնը 60 միլիոն դոլար լինել։ Այդ միջոցները կծախսվեն երկրում աղքատության նվազեցման ծրագրերի վրա։

Եթե հաշվի առնենք նաեւ այս նոր ծրագրով Հայաստանին տրվելիք ամերիկյան օգնությունը, ապա հաջորդ տարիներին ամերիկյան բյուջեից Հայաստանի օգնության ծավալները կկրկնապատկվեն՝ տարեկան կազմելով 120-140 միլիոն դոլար։ Այս տարվա համար ամերիկյան կառավարության ֆինանսական օգնությունը Հայաստանին կազմում է 76 միլիոն դոլար, իսկ 1992 թվականից ի վեր օգնության ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1,5 միլիարդ դոլար։

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնախմբի 6 ամիսը մեկ գումարվող նիստերի ընթացքում կոնկրետացվում են այդ օգնության ծախսման ուղղությունները առաջիկա ժամկետի համար։ Հանձնախմբի նիստը կշարունակվի վաղը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG