Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահի բանակցություններում գերակշռել են տնտեսական հարցերը


Երկկողմ առեւտրի եւ տնտեսական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցերն են կենտրոնական տեղ զբաղեցրել ուրբաթ օրը Ռուսաստանի մայրաքաղաքում նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման օրակարգում:


Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը եռօրյա աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Հայաստանի նախագահին բանակցությունների սկզբում իր վստահությունն է հայտնել, որ դրանք մեծապես կնպաստեն երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ 2003 թվականին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները աճել են 34 տոկոսով՝ ավելացնելով, թե դա «ռեկորդային ցուցանիշ է» եւ լավագույն վկայությունը, որ «մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»:

Վլադիմիր Պուտինը, այդուհանդերձ, ավելացրել է, որ Մոսկվան եւ Երեւանը ավելի լավ ու արդյունավետ գործակցելու ավելի մեծ հնարավորություններ ունեն:

Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, նշել է, որ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, որի շրջանակներում Հայաստանը փակել էր իր պատքը Ռուսաստանին՝ վերջինիս փոխանցելով որոշ ձեռնարություններ, խթանել է տնտեսական համագործակցությունը:

«Մինչ այդ մենք խոսում էինք միայն ռազմական համագործակցության մասին՝ նշելով, որ տնտեսական գործակցությունը հետ է մնում», - ասել է Հայաստանի նախագահը: - «Այժմ ես ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ մենք սկսել են հավասարապես առաջ շարժվել բոլոր ուղղություններով»:

Հայաստանի նախագահը այսօր Մոսկվայում հանդիպել է նաեւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովի հետ: Քննարկվել են տնտեսական հարաբերություններն ամրապնդելու, էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների որոլտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG