Մատչելիության հղումներ

logo-print
Տասնօրյա ընդմիջումից հետո Հայաստանի միացյալ ընդդիմությունը ուրբաթ օրը հանրահավաքն անցկացրեց Մատենադարանի մոտ՝ կոչ անելով ավելի մեծ թվով մարդկանց մասնակցել հանրահավաքներին:

Ընդդիմության առաջնորդները հանրահավաքում հայտարարեցին, որ առաջիկա մի քանի օրերին հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացնելու ամբողջ երկրում՝ ավելի մեծ աջակցություն ակնկալելով դեպի նախագահի նստավայր ձեռնարկվելիք հաջորդ երթի ժամանակ, որը նախապես ծրագրված է մայիսի 21-ին:

«Մենք խնդիրը կլուծենք հենց Բաղրամյան պողոտայի վրա», - դիմելով իշխանությունների կողմից կրկին չարտոնված հանրահավաքի մի քանի հազար մասնակիցներին՝ ասաց «Արդարություն» ռադշինքի առաջնորդներից Վիկտոր Դալլաքյանը: - «Մինչեւ մայիսի 21-ը մենք տարբեր միջոցառումներ կանցկացնենք հենց ժողովրդի կրիտիկական մասսան հավաքվի, մենք կշրջափակենք Բաղրամյան պողոտան եւ կհասնենք մեր նպատակին»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ասաց. - «Շատ քիչ է մնացել: Եկեք հավաքվենք, լինենք միասին եւ նա [Քոչարյանը] վերջացած կլինի»:

Ընդդիմադիրների նախորդ երթը դեպի նախագահի նստավայր ապրիլի 12-ին կանգնեցվել էր օրինապահների կողմից Բաղրամյան պողոտայում: Գիշերը այստեղ մնացած 2-3 հազար ցուցարարներին իրավապահները ցրել էին աննախադեպ դաժանությամբ՝ ջրնետ մեքենաների, պայթուցիչների կիրառմամբ: Կային բազմաթիվ ձերբակալվածներ եւ վիրավորներ: Ընդդիմության առաջնորդներից Ալբերտ Բազեյանը այսօր ասաց, թե ոստիկանները չէին կարողանա ցրել հավաքվածներին, եթե նրանց քանակը անցներ 10 հազարից:

Այսօրվա հանրահավաքին նախորդել էին իշխանություն - ընդդիմություն բանակցությունների միջոցով իրավիճակից ելք գտնելուն ուղղված բանակցությունների ձախողված փորձերը: Երեկ ընդդիմադիրները հրաժարվեցին գնալ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ ծրագրված հանդիպմանը՝ հայտարարելով, որ իշխանությունները ազատ չեն արձակել «քաղաքական բանտարկյալներին» եւ չեն դադարեցրել հանրահավաքների մասնակիցների հետապնդումները:

«Կոալիցիայի նպատակն էր երկխոսության շղարշ ստեղծել եւ կանխել հանրահավաքները», - ասաց Դալլաքյանը: - «Մեզ ուղղակի աղաչում էին հանրահավաքներ չանցկացնել: Սա ցույց է տալիս, որ Քոչարյանը սարսափում է ժողովրդից»:

Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ «Արդարություն» դաշիքնի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ասաց. - «Սահմանադրությունից բխող պահանջները ենթակա չեն բանակցությունների... Ես հասկանում եմ ձեր անհամբերությունը, բայց մենք պետք է պատրաստ լինենք ավելի տեւական պայքարի»:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա կողմնակիցները հակասահմանադրական են համարում իշխանափոխության պահանջը՝ հերքելով ընդդիմադիրների պնդումները, թե անցած նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվել են:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG