Մատչելիության հղումներ

Նախարարը «պատասխան է պահանջելու» մեղադրանքների համար


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ուրբաթ օրը խոստացավ «պատասխան պահանջել» Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2003 թվականի հաշվետվության այն արձանագրումների համար, թե «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի միջոցներն անարդյունավետ են օգտագործվել:

«Չի կարելի երկրում մեկին մեղադրել կոռուպցիայի մեջ եւ հետո պատասխանատվություն չկրել: Վստահ եղեք», - լրագրողների հավաստիացրեց Դավիթ Հարությունյանը, - «որ ես, իհարկե, պահանջելու եմ համապատասխան արձագանք եւ պատասխան այդ մեղադրանքների համար»:

Նախարարը չհստակեցրեց, սակայն, թե հատկապես ինչպես է դա անելու: Ասաց սոսկ՝ օրը կկգա, բարին հետը:

Վերահսկիչ պալատը ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի միջոցներն անարդյունավետ են օգտագործվել. 1999 թվականին նախատեսած 20 դատարանների փոխարեն 11-ն է վերակառուցվել, իսկ Համաշխարհային բանկի տրամադրած 4 մլն 451 հազար դոլարը գրեթե սպառվել է: 9 դատարանների վերականգնման համար մնացել է ընդամենը 64 հազար դոլար: Երբ Դավիթ Հարությունյանը փորձել էր փաստարկել, թե ինչու գումարները չեն բավականացրել դատարանների բոլոր 20 շենքերի վերանորոգման համար, դա հարուցել էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի վրդովմունքը, ով հայտարարել էր, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունում արձանագրված խախտումների ու չարաշահումների մասին ձեռք բերված բոլոր նյութերն ուղարկելու են Գլխավոր դատախազություն:

Այսօրվա ասուլիսում նախարարը հարցին անդրադարձավ գրեթե դատարան առ դատարան՝ բացատրելով, թե Գյումրիում, օրինակ, դատարանի նոր շենք կառուցեցին, կամ մայրաքաղաքի Արաբկիր համայնքի դատարանի հին շենքը հենք չուներ: Զգացվում էր, որ փաստաթղթերի մի մեծ տրցակը ձեռքին դահլիճ եկած նախարարը ասուլիսին պատրաստվել է շատ մանրակրկիտ կերպով:

Դավիթ Հարությունյանի խոսքից ստեղծված ընդհանուր տպավորությունն այն էր, որ արդարադատության նախարարը դեմ է ոչ միայն Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը, այլեւ ողջ այն մեթոդաբանությանը, որը որդեգրել է Ազգային ժողովի վերահսկիչ պալատը:

Սեփական պնդումները նախարարը փաստարկում էր պատկերավոր համեմատություններով. - «Եթե ուզում ես ստուգել մեկի ջերմությունը, բայց ջերմաչափ գործածելու փոխարեն սկսում ես բաժանել մազերի քանակը տարիքին ու ստանում ես ինչ-որ մի թիվ, որը իրականության մեջ որեւէ բովանդակային նշանակություն չունի, եւ զետեղում ես այդ թիվը քո հաշվետվության մեջ, ես կարող եմ այլ կերպ մեկնաբանել»:

Նախարարի խոսքերով, Վերահսկիչ պալատի հաշվետվությունը կազմողները «չեն գիտակցել, թե ինչ պետք է ստուգեն եւ ինչ չափանիշներով է գնահատվում իրենց կատարած աշխատանքը»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG