Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Երեւանում ստորագրվեց Իրան - Հայաստան գազամուղ խողովակաշարի կառուցման հիմնական պայմանագիրը: Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող այս պայմանագիրը Կառավարության ընդունելությունների տանը ստորագրեցին իրանական կողմից՝ Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ջավադին, հայկական կողմից՝ Երեւանի ջերմային էլեկտրակայանի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը:

Պայմանագրի ստորագրման նպատակով Հայաստան ժամանած իրանական պատվիրակության՝ հայաստանյան հանդիպումների արդյունքում Իրանի նավթի եւ գազի նախարար Բիժան Զանգանեն եւ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Արմեն Մովսիսյանը փաստեց, որ դա դժվար ձեռքբերում էր. - «Այս պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացել են շուրջ 12 տարի, եւ այսօր այն իրականություն է դարձել»:


«Ես էլ շատ ուրախ եմ, որ այս պայմանագրի ստորագրմամբ երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է բացվում», - իր հերթին ասաց Բիժան Զանգանեն:

Այսպիսով, եթե ամեն ինչ անխափան ընթանա, 2007 թվականից Հայաստանը կունենա այլընտրանքային գազամուղ եւ այլեւս կախված չի լինի միայն Ռուսաստանից մատակարարվող գազից: 2007 թվականից Իրանից ներկրվելիք բնական գազի ծավալը կազմելու է տարեկան 1,1 միլիարդ խորանարդ մետր՝ գրեթե այնքան, որքան ներկրվել է Ռուսաստանից անցած տարվա ընթացքում:

141 կիլոմետր երկարությամբ գազամուղի 40 կիլոմետրը (Հայաստանի տարածքով անցնող) կկառուցի Հայաստանը, իսկ մնացած շուրջ 100 կիլոմետրը՝ Իրանը:

Բիժան Զանգանեի խոսքերով, պայմանագրի ժամկետը 20 տարի է եւ կարող է երկարաձգվել մինչեւ 25 տարի: Պայմանագրով սահմանված է նաեւ, թե որքան գազի դիմաց որքան էլեկտրաէներգիա կարտահանվի Հայաստանից:

«Ինչ վերաբերում է մյուս մանրամասնություններին, թե ինչ շահույթ, ինչ եկամտաբերություն, ինչպիսի գործակիցներ են օգտագործվում, բնականաբար, պայմանագիրը կոմերցիոն բնույթ ունի, հետեւաբար կոմերցիոն գաղտնիքները հրապարակել ուղղակի չի կարելի», - ասաց Արմեն Մովսիսյանը:

Հարցին, թե ինչ միջոցներով է Հայաստանը կառուցելու այդ գազամուղի իր հատվածը, Մովսիսյանը պատասխանեց. - «Մեր միջոցներով կամ մասնակից շահագրգիռ պետությունների մասնակցությամբ»: Նա հրաժարվեց մանրամասնել՝ ասելով. - «Կոմերցիոն գաղտնիքները չեն բացահայտում»:

Մովսիսյանը ավելացրեց, թե կան երկրներ, որ պատրաստակամություն են հայտնել մասնակցել գազամուղի կառուցմանը եւ Հայաստանը պատրաստ է ընդունել երկուստեք շահավետ առաջարկությունները:

«Եվրամիությունը պատրաստ է այսօր 100 միլիոն եվրո տրամադրելու՝ պայմանով, որ ատոմակայանը փակվի», - ասաց Արմեն Մովսիսյանը: - «Բայց մենք պատրաստ չեն ատոմակայանը փակելու, հետեւաբար այդ 100 միլիոնը այդ պայմանով մեզ ձեռնտու չէ»:

Հայաստանի էներգետիկ համակարգում մեծ կշիռ ունեցող Ռուսաստանի փոխվարչապետ Բորիս Ալյոշինը տարեսկզբին Երեւանում ասել էր. - «Ռուսաստանը, անկասկած, հետաքրքրություն ունի ե'ւ կոմերցիոն առումով, ե'ւ հետագայում գազի մատակարարման օպերատոր դառնալու հնարավորություն առումով: Խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն «Գազպրոմ»-ի հետաքրքրությունների տեսակետից, այլեւ Հրազդանի կասկադի, Հրազդանի ՋԷԿ-ի, ՌԱՕ ԵԷՍ-ին փոխանցված մյուս ձեռնարկությունների, Մեծամորի ատոմակայանի աշխատանքի առումով»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG