Մատչելիության հղումներ

logo-print
Քաղաքական երկխոսություն սկսելու համար կոալիցիայի առաջարկած մոտեցումներն ու օրակարգը հինգշաբթի օրը քննարկելուց հետո «Արդարություն» դաշինքն ու «Ազգային միաբանություն» կուսակցությունը ընդունեցին համատեղ որոշում, որով «հնարավոր են համարում» երկխոսությունը՝ իշխանությունների կողմից Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձեւի եւ միասնական ընդդիմության՝ մայիսի 4-ի գրությամբ ներկայացված պահանջների կատարման ուղղությամբ «գործնական քայլեր ձեռնարկելուց հետո» միայն:

Ընդունելի համարելով երկխոսության օրակարգում «կոալիցիայի առաջարկած առաջին երեք կետերում լրացուցիչ հարցերի ընդգրկումը (դրանք վերաբերում են Սահմանադրության առանցքային հոդվածներում, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների՝ «համաձայնությամբ ընդունելու հնարավորություն» սահմանելուն եւ հակակոռուպցիոն պայքարում ընդդիմության գործուն մասնակցության ձեւերի մշակմանը), ընդդիմադիրները համաձայն են դրանց անդրադառնալ հիմնական հարցի՝ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից ուղիներ գտնելու, շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո:

«Այդ քննարկումներին պետք է նախորդեին իշխանությունների գործողությունները», - հայտարարեց «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը՝ մանրամասնելով. - «Իրենք պարտավոր էին անհապաղ կատարել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտնի բանաձեւում նշված պահանջները, այն է՝ անհապաղ ազատեին քաղբանտարկյալներին, ստեղծեին մարդկանց ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի կատարման համար պայմաններ, վերջ տային այդ բռնություններին, որոնք մինչեւ օրս շարունակվում են»:

«Իսկ իրենք փորձում են այսօր ներքաշել մեզ պատանդի կարգավիճակով՝ որ մեր մայր խնդիրը լինի այն, ինչը իրենք պարտավոր են ի սկզբանե՝ առանց նախապայմանի կատարել», - շարունակեց Գեղամյանը՝ ավելացնելով. - «Միեւնույն է, այս սուտը հօդս կցնդի»:

«Կոալիցիայի հետ մենք քննարկելու որեւէ բան չունենք», - իր հերթին ասաց «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Այս հայտարարությունը արդեն մեր պատգամավորներից մեկը՝ Գրիգոր Հարությունյանը, կհանձնի կոալիցիայի ներկայացուցիչներին»:

Ազգային ժողովում, մինչդեռ, իշխող քաղաքական կոալիցիայի կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների, ինչպես նաեւ ՄԱԿ խմբակցության եւ «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչները հավաքվել-սպասում էին ընդդիմադիրներին:

«Եթե չի լինի երկխոսություն, քաղաքական կոալիցիան իր պատասխանատվության շրջանակներում... դեռես ճանապարհ ունի գնալու, եւ, կարծում եմ, այն խնդիրները, որոնք մեր առջեւ այսօր դրված են, հիմնավորապես հնարավոր կլինի լուծել առաջիկա ամիսների ընթացքում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա կարծիքով, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ոչ թե պահանջներ, այլ առաջարկներ է արել ե'ւ իշխանություններին, ե'ւ ընդդիմությանը:

«Փաստ է, որ այսօր ընդդիմությունը պատրաստ չէ երկխոսության», - եզրակացրեց Գալուստ Սահակյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG