Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր ստորագրվելու է Իրան - Հայաստան գազատարի կառուցման պայմանագիրը


Իրան - Հայաստան գազատարի հիմնական պայմանագիրը ստորագրելու նպատակով Երեւան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նավթի եւ գազի նախարար Բիժան Զանգանեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը հինգշաբթի օրը ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Կարեւորելով համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հայ-իրանական երկկողմ հարաբերություններում էներգետիկան այն շարժիչ ուժն է, որն իր հետեւից կարող է տանել բազմաթիվ ոլորտներ», - նշված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում: - «Երկուստեք նշվել է, որ Իրան - Հայաստան գազատարի կառուցումը կկրկնապատկի երկու երկրների տնտեսական հարաբերությունների ծավալը եւ կարեւոր դերակատարություն կունենա ինչպես հայ-իրանական, այնպես էլ տարածաշրջանային զարգացման ու խորացման համար»:

Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այլեւս ոչինչ չի կարող խոչընդոտել Հայաստանի համար կարեոր նշանակություն ունեցող այդ խողովակաշարի կառուցմանը՝ նշելով, որ փաստաթղթի ստորագրումը հնարավոր է դարձել «երկու երկրների նախագահների քաղաքական կամքի շնորհիվ»:

«Ե'ւ նախագահ Քոչարյանը, ե'ւ նախագահ Խաթամին ընդհանրապես բոլոր տնտեսական փաստաթղթերին կարեւորություն են տալիս», - ասաց Գեղամ Ղարիբջանյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG