Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը համընկավ զինադադարի հաստատման 10-րդ տարելիցի հետ


Այսօր երեկոյան Ստրասբուրգում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում զինադադարի մասին արձանագրության ստորագրման 10-րդ տարելիցի օրը: 1994 թվականին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ռուսաստանի, Ղրղըզստանի եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը ստորագրեցին զինադադարի մասին արձանագրությունը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ երեկ հնչեցրածին, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստրասբուրգում մտադիր է «կարծիքներ փոխանակել Ադրբեջանի 7 շրջանների դիմաց Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացման հնարավորության շուրջ», չբացառեց, որ այդ հարցը կարող է բարձրացվել Մամեդյարովի կողմից:

«Դա ազատ օրակարգ է, բաց օրակարգ է: Կողմերը ցանկացած հարց կարող են դնել: Ես իսկապես չգիտեմ, թե ադրբեջանական կողմը ինչ հարց կդնի, կարող են դնեն այն, ինչ ասում են», - ասաց Հայաստանի արտգործնախարարը՝ ավելացնելով. - «Ես համարում եմ, որ դա աբսուրդ է, իմաստ չեմ տեսնում նման հարց քննարկելու»:

Օսկանյանը ավելացրեց, որ արտգործնախարարների հանդիպումը հաջորդում է երկու երկրների նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի վարշավյան հանդիպմանը, որը երկուստեք դրական է գնահատվել: «Նախագահների դրական հանդիպման արդյունքների վրա, ես հույս ունեմ, որ մենք կշարունակենք երկխոսությունը՝ դրական ուղղությամբ տանելով այս պրոցեսը», - ասաց նա:

Զինադադարի 10-ամյակի առթիվ ԼՂՀ արտգործնախարարությունը այսօր տարածել է հայտարարություն, որով Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը կոչ է անում «վերահաստատել իրենց հավատարմությունը զինադադարի ռեժիմի պահպանմանը՝ ընդհուպ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրում՝ ընդունելով համապատասխան հռչակագիր»:

Հայտարարությունը նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջարկում է ամեն կերպ սատարել նոր փաստաթղթի ընդունմանը, ինչը «կարեւոր քայլ կդառնա հակամարտ կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման ճանապարհին»:

«Չեմ կարծում, որ Ադրբեջանի կողմից կասկածի տակ է դրվում [Բիշքեկի համաձայնագիրը]», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Աշոտ Ղուլյանը: - «Վավերականության առումով այս համաձայնագրերը ոչ մի ժամկետ չունեն: Բայց, եթե նման կարգի նոր համաձայնությունների հնարավորություն լինի, ես կարծում եմ, դա պարզապես կարող է միայն ամրապնդել»:


Արմեն Զաքարյան, Պրահա եւ Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG