Մատչելիության հղումներ

Կոալիցիան անհրաժեշտ է գտել խմբագրել եւ լրացնել ընդդիմության առաջարկած օրակարգը


Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի առանձնասենյակում չորեքշաբթի օրը կոալիցիոն կուսակցությունների ղեկավար անդամները համաձայնեցրին իրենց դիրքորոշումները ընդդիմության հետ քաղաքական երկխոսության համար վերջինիս առաջարկած օրակարգի նկատմամբ եւ ընդունեցին որոշում՝ «Խորհրդարանական ընդդիմության հետ քաղաքական քննարկումների վերաբերյալ»:

«Քաղաքական քննարկումներին (երկխոսությանը) կոալիցիայի կողմից առաջարկված ձեւաչափով մասնակցելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության որոշումը կոալիցիայի խորհուրդը գնահատում է որպես պատասխան քայլ կոալիցիայի կողմից արված երկխոսության առաջարկություններին՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի իրագործման եւ լարվածության մարման ուղղությամբ», - ասված է կոալիցիոն երեք կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ստորագրած որոշման մեջ: - «Միաժամանակ կոալիցիայի խորհուրդը համարում է, որ այդ քննարկումների արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է խմբագրել ընդդիմության կողմից որպես օրակարգային առաջարկվող հարցը»:

Ընդդիմության առաջարկած «2003 թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները» ձեւակերպումը կոալիցիան անհրաժեշտ է գտել խմբագրել՝ «2003 թ. ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները»:

Առաջարկվել է նաեւ օրակարգում ընդգրկել եւս չորս կետ: Դրանցից երկուսը վերաբերում են սահմանադրական բարեփոխումների առանցքային հոդվածները եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները «համաձայնությամբ ընդունելու հնարավորություն» սահմանելուն: Առաջարկվում է օրակարգում ընդգրկել «հակակոռուպցիոն պայքարում ընդդիմության գործուն մասնակցության ձեւերի մշակում» եւ «Եվրախորհրդի խորհրդարական վեհաժողովի 1367 եւ 1374 բանաձեւերի կատարման ժամանակացույցի մշակում» կետերը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG