Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը սաստում է Վերահսկիչ պալատի հաշվետվությունից դժգոհող նախարարին


Ազգային ժողովի վերահսկիչ պալատի՝ երեկ հրապարակած 2003 թվականի տարեկան հաշվետվությունում թերություններ, խախտումներ, լուրջ չարաշահումներ են բացահայտվել ուսումնասիրությամբ ընդգրկված գրեթե բոլոր բնագավառներում, բայց միայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեքշաբթի օրը իր դժգոհությունը հնչեցրեց Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ արժանանալով խորհրդարանի խոսնակի կտրուկ արձագանքին:

Երբ իր ելույթի սկզբում Դավիթ Հարությունյանը թե' հրապարակված հաշվետվությունը, թե դրան հաջորդած քննարկումները որակեց «պոպուլիստական», Արթուր Բաղդասարյանը ընդհատեց նրան՝ խորհուրդ տալով զերծ մնալ գնահատականներից:

«Ինձ մտահոգում է, որ անգամ վրիպակները, որոնք տեղ են գտել այս հաշվետվության մեջ, որոնց մասին խոսվել է եւ որոնք ակնհայտ են եւ անվիճելի, միեւնույն է չեն շտկվում», - ելույթը շարունակելով՝ ասաց արդարադատության նախարարը՝ տարակուսելով. - «Ինչո՞ւ: Որպեսզի էլի՞ պատրանք ստեղծենք խախտումների»:

Վերահսկիչ պալատը ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի միջոցներն անարդյունավետ են օգտագործվել. 1999 թվականին նախատեսած 20 դատարանների փոխարեն 11-ն է վերակառուցվել, իսկ Համաշխարհային բանկի տրամադրած 4 մլն 451 հազար դոլարը գրեթե սպառվել է: 9 դատարանների վերականգնման համար մնացել է ընդամենը 64 հազար դոլար:

Արդարադատության նախարարը՝ ընդունելով, որ հաշվետվության մեջ փաստը ճիշտ է նշված, ասաց. - «Սակայն, այնուամենայնիվ՝ արդյոք կա՞ որեւէ մեկի մեղք, թերություն, թե՞ դա շատ բնական գործընթաց է: Կարծում եմ, շատ բնական գործընթաց է»:

Փաստարկելով իր պնդումը՝ Դավիթ Հարությունյանը ասաց, թե նախնական գնահատումը կատարվել 1999 թվականի գներով, երբ դատավորների թիվը ավելի քիչ էր, քան այսօր: Կամ՝ մի քանի դատարանների շենքային պայմաններն ուսունասիրելուց հետո պարզվել է, որ դրանցից մի քանիսի շենքերի վերակառուցումը «պարզապես անիմաստ է», եւ հարկավոր է դրանց համար նոր շենքեր կառուցել:

«Վերջին տարիներին շատ ակտիվություն ցուցաբերվեց շինարարության առումով, եւ, բնական է, որ շինարարության գները աճեցին: Եվ, ինչը շատ ավելի կարեւոր է՝ աճեցին շինանյութի գները», - ասաց Հարությունյանը՝ այդ աճը բացատրելով նաեւ ոլորտում ստվերի «դեմն առնելով»:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, օգտվելով արտահերթ ելույթի իրավունքից, նախարարի պարզաբանումների վերաբերյալ վրդովված ասաց. - «Եթե 20 դատարաններ վերանորոգելու համար հատկացված է եղել 4 միլիոն 451 հազար դոլար, 9 դատարանը սարքել ես, փողը պրծել ա, ի՞նչ շինարարական մատերիալի մասին ա խոսքը.. Ո՞վ է պատասխան տալու: Ժամանակին ճիշտ կազմեիք այդ հաշվարկները: Եվ ցավը այն է, որ հնչում են քաղաքական գնահատականներ ու մեղադրանքներ, ինչ ա, գիտես ինչ կա՝ մեկը համարձակվել ա իրա ոտքը տրորի կամ մի երկու բառ ասի»:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունում արձանագրված խախտումների ու չարաշահումների մասին ձեռք բերված բոլոր նյութերն ուղարկելու է Գլխավոր դատախազություն:

«Եվ հետամուտ պետք է լինենք, որպեսզի մեղավորներին իրոք ենթարկեն պատասխանատվության», - ասաց Ազգային ժողովի նախագահը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG