Մատչելիության հղումներ

logo-print

Վաշինգտոնում քննարկվել են Հայաստանից երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության հարցերը


Անցյալ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնատարները, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, քննարկել են «երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, նշված ոլորտում ԱՄՆ փորձը եւ Հայաստանում արդյունավետորեն այն կիրառելու հեռանկարները»:

Երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությունը նշում է, որ քննարկումը տեղի է ունեցել երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության ոլորտում հայ-ամերիկյան պարբերական խորհրդատվությունների շրջանակներում: Հայկական կողմից հանդիպումներին մասնակցել են արտաքին գործերի նախարարության, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, արտահանման վերահսկողության հանձնաժողովի եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

Ամերիկյան կողմը բարձր է գնահատել 2003թ. սեպտեմբերին Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» օրենքը:

Ընդունելով Հայաստանի պատվիրակությանը՝ ԱՄՆ առեւտրի քարտուղարի տեղակալ Քեննեթ Ջասթերը իր գոհունակությունն է հայտնել «արտահանման վերահսկողության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությամբ, ինչպես նաեւ բարձր է գնահատեց այդ բնագավառում Հայաստանում օրենսդրական դաշտի ստեղծմանն ուղղված աշխատանքները եւ գործնական քայլերը»:

Նշված բնագավառում խորհրդատվությունների անհրաժեշտությունը, ըստ էության, առաջացավ 2002 թվականի մայիսից հետո, երբ, ի կատարումն 2000 թվականին ընդունված՝ Իրանում զենքերի չտարածման ակտի, Միացյալ Նահանգների կողմից, ի թիվս չինական ու մոլդովական մի շարք ընկերությունների, պատժամիջոցներ սահմանվեցին նաեւ հայաստանյան «Լիզին» ընկերության նկատմամբ, որը «երկակի, այսինքն՝ քաղաքացիականից բացի նաեւ ռազմական նշանակություն ունեցող տեխնոլոգիաներ է արտահանել Իրան, եւ, ըստ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի, նպաստել է այդ երկրի կողմից զանգվածային ոչնչացման զենքի մշակման ծրագրերին։

Չարենցավանի «Լիզին» գործարանում տասնամյակներ շարունակ շաքարի ճակնդեղից ստանում են բյուրեղային լիզին կոչվող նյութը, որն օգտագործվում է խոշոր եղջերավոր անասունների աճը խթանելու համար: Ըստ փորձագետների, լիզինի ստացման պրոցեսում կիրառվող հատուկ բակտերիաները կարող է օգտագործվել կենսաքիմիական այլ նյութեր ստանալու նպատակով:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG