Մատչելիության հղումներ

logo-print

Թոմաս դը Վաալ. «Ղարաբաղը փոխանցվելու էր Հայաստանին»


«Ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի միջազգային բանագնացները Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մի քանի ծրագիր են ներկայացրել, բայց դրանցից ամենահամարձակը Քի Ուեսթինն էր», - գրում է այսօր «Ուոլ սթրիթ ջորնըլ» ամերիկյան թերթում Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գրքի հեղինակ Թոմաս դը Վաալը՝ ըստ էության առաջին անգամ մանրամասներ հաղորդելով Քի Ուեսթի առաջարկների մասին:

«Ըստ այդ ծրագրի, Հայաստանը թույլ էր տալու, որ ադրբեջանցի փախստականների 95 տոկոսը վերադառնա իրենց տները: Հայաստանի տարածքով ճանապարհ էր բացվելու դեպի Նախիջեւանի մեկուսացված առանձնատարածքը», - գրում է դը Վաալը: - «Փոխարենը Ադրբեջանը հրաժարվելու էր բուն Ղարաբաղից, բացի Շուշի քաղաքից»:

Մեջբերելով քիուեսթյան փաստաթղթի երկրորդ կետը՝ («Ղարաբաղը փոխանցվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո»), hոդվածագիրը մեկնաբանում է. - «Մարդկային տեսակետից օգուտները մեծ էին լինելու, բայց քաղաքական ռիսկը Ադրբեջանի համար նույնպես մեծ էր»:

Թոմաս դը Վաալը, ով աշխատում է Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտում, դիտարկում է նաեւ պատերազմի հնարավորությունը: «Նոր պատերազմի մարդկային գինը սարսափելի է լինելու՝ նույնիսկ եթե կոնֆլիկտը սահմանափակ լինի: Ադրբեջանը հազարավոր երիտասարդներ կկորցնի հենց միայն ականապատված դաշտերում, որոնք ձգվում են ճակատային գծի երկայնքով: Իսկ մեջտեղում գտնվող փոքրիկ գեղեցիկ գավառը՝ Լեռնային Ղարաբաղը, ընդհանրապես կարող է վերանալ», - կանխատեսում է նա:

Թոմաս դը Վաալը լուծելի է համարում Ղարաբաղյան հակամարտությունը՝ ավելացնելով, որ այդ դեպքում «եթե երկու ազգերը կփրկվեն իրենց մեկուսացումից»:

«Հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ ավելի շատ ընդհանուր բան ունեն, քան, ասենք, իսրայելցիներն ու պաղեստինցիները», - գրում է նա: - «Երկու համայնքների ազգամիջյան ամուսնությունների տոկոսը բարձր էր: Խնդիրն այն է, որ արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ երկու ազգերը հազվադեպ են մտնում երկխոսության մեջ»:

«Կողմնակի մարդու համար ամենազարմանալին այն է, որ Ադրբեջանը բանակցությունների չի նստում Ղարաբաղի հայերի հետ, որոնց նա իր սեփական քաղաքացիներն է համարում», - «Ուոլ սթրիթ ջորնըլ»-ում իր հոդվածը եզրափակում է Թոմաս դը Վաալը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG