Մատչելիության հղումներ

Շարունակվեցին կոալիցիա - ընդդիմություն քաղաքական կոնսուլտացիաները


Երկուշաբթի օրը շարունակվեցին Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնության դեռեւս անցած շաբաթ սկսված քաղաքական կոնսուլտացիաները: Այսօրվա հանդիպումից հետո լավատեսորեն էին տրամադրված ինչպես ըննդիմության, այնպես էլ իշխանական ուժերի ներկայացուցիչները, քանի որ կարողացել էին ի վերջո պայմանավորվել, թե ինչ պայմաններով են հնարավոր համարում քաղաքական բանակցությունները:

Կոնսուլտացիաների մասնակիցների փոխանցմամբ, կոալիցիոն ուժերը՝ Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր»-ը եւ Դաշնակցությունը իրենց կուսակցություններում մոտակա երկու օրերի ընթացքում քննարկեն «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության»՝ այսօր հրապարակված որոշման մեջ ձեւակերպված առաջարկը՝ քաղաքական բանակցություններին օրակարգում ընդգրկել միայն մեկ հարց. «2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները»:

Ընդդիմությունը նշված հայտարարությամբ նաեւ համաձայնել էր կոալիցիայի առաջարկությանը քաղաքական բանակցությունների ֆորմատի վերաբերյալ՝ իշխանական կոալիցիան ներկայացնող երեք կուսակցությունների 2-ական անդամները «լիազորված են լինելու քաղաքական բանակցություններում ներկայացնել նաեւ ՀՀ գործող նախագահին եւ ՀՀ կառավարությունը»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, կոալիցիայի նիստում հնարավոր քաղաքական բանակցությունների օրակարգի մասին առաջարկը հաստատելուց հետո կոալիցիան այն կներկայացնի ընդդիմությանը: Կկայանա՞ն քաղաքական բանակցությունները կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ, ամենայան հավանականությամբ, պարզ կդառնա մայիսի 13-ին:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG