Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյան. «Ավելի լավ է ինչ-որ բան սովորել ծառերից, քան մարդկանցից»


Ամերիկյան հանրահայտ System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը, ով խմբի գրեթե բոլոր երգերի՝ բավական բարդ տեքստերի հեղինակն է, այդպես ձեւակերպեց իր ուղերձը իրենց հայաստանյան երկրպագուներին «Մաքսլիբերտի»-ի հետ բացառիկ հարցազրույցում:

Սերժ Թանկյանը, ով Հայաստանում եղել է միայն 2 տարի առաջ՝ այն էլ ընդամենը մի քանի օրով, բայց բավական սահուն հայերեն է խոսում, պատմեց, որ արդեն երկրորդ տարին է, որ System of a Down-ը ապրիլի 24-ին Լոս Անջելեսում կազմակերպում է մեծ բարեգործական համերգներ, որոնց հասույթի մեծ մասը հատկացվում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին:

Այս տարվա համերգը լայնորեն լուսաբանվել է CNN-ի, MTV-ի եւ ամերիկյան այլ լրատվամիջոցների կողմից: Ընդարձակ ռեպորտաժով համերգին անդրադարձել է «Rolling Stone» հեղինակավոր հանդեսը, որի փոխանցմամբ, երբ խմբի կիթառահար Դարոն Մալաքյանը անսպասելիորեն հայերեն երգ է կատարել, իսկ այնուհետեւ նվագել Հայաստանի օրհներգը, խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը արտասվել է:

Լրատվամիջոցների լուսաբանման առումով Սերժ Թանկյանը «շատ արդյունավետ է» գնահատում այդ համերգը, որի ընթացքում նաեւ Հայոց ցեղասպանության մասին ճանաչողական նյութեր են բաժանվել այն ունկնդիրներին, ովքեր առաջին անգամ էին լսում այդ մասին:

Հարցին, թե ամերիկացի երիտասարդներին իրո՞ք հետաքրքրում է Հայոց ցեղասպանությունը, թե՞ նրանք պարզապես գալիս են իրենց սիրած խմբի երաժշտությունը լսելու, Թանկյանը պատասխանեց, որ իրենք ցեղասպանության հարցը բարձրացրել են խմբի ստեղծման օրվանից ի վեր:

«Այս ընթացքում հազարավոր էլեկտրոնային նամակներ ենք ստացել խմբի երկրպագուներից, ովքեր պատմում են, որ իրենց դպրոցներում, համալսարաններում, քոլեջներում ռեֆերատներ են պատրաստել Հայոց ցեղասպանության մասին՝ տեղեկացնելվ ոչ միայն համադասարանցիներին, այլեւ ուսուցիչներին», - ասաց նա:

System of a Down-ը «քաղաքականացված» խումբ է, որի երգացանկում շատ են քաղաքական ենթատեքստերով երգերը. Սերժ Թանկյանը հաճախ է խոսում իրաքյան պատերազմի, առհասարակ Միացյալ Նահանգների վարած արտաքին քաղաքականության դեմ:

Իրաքյան պատերազմի շեմին թողարկված Boom երգի տեսահոլովակը նկարահանել էր օսկարակիր վավերագրող-կինոռեժիսոր Մայքլ Մուրը, ով հեղինակավոր այդ մրցանակի նախորդ հանձնման արարողության ժամանակ բեմից քննադատել էր նախագահ Բուշին: Սերժ Թանկյանը չբացառեց ապագա համագործակցությունը այդ ռեժիսորի հետ:

Հարցին, թե երբ է վերջապես System of a Down-ը հյուրախաղերի գալու Հայաստան, խմբի ղեկավարը հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում՝ նկատի ունենալով առաջիկա մեկ-երկու տարին:

Թանկյանը հերքեց լուրերը, թե խումբը կարող է ցրվել, իսկ ինքը ծրագրում է այլեւս միայնակ հանդես գալ:

«Բամբասանքներ են», - ասաց նա՝ այդուհանդերձ ավելացնելով. - «Արվեստագետը իրեն տարբեր ասպարեզներում պետք է փորձի, չի կարող անընդհատ նույն բանն անել»:

Խմբի նոր ալբոմը կթողարկվի, ամենայն հավանականությամբ, տարեվերջին: Հարցին, թե ինչու մեծ ընդմիջումներով են թողարկվում ալբոմները, Թանկյանը պատասխանեց. - «Նախընտրելի է, որ մեքենան մեզ համար աշխատի, քան՝ մենք մեքենայի»:

Իսկ հայկական մեղեդիներ նոր ալբոմում ընդգրկելու վերաբերյալ System of a Down-ի ղեկավարը ասաց, թե դեռ չթողարկված ալբոմի մասին չի ցանկանում խոսել:

«Հայկական երաժշտությունը մեր ինքնության, մեր նկարագրի մասն է», - շարունակեց նա՝ ասելով նաեւ, թե իրենք կարիք չունեն ինչ-որ առանձին հայկական մեղեդիներ օգտագործելու: - «Ինչ որ անենք, արդեն հայկական երաժշտությունը մեջը կա»:

Պատասխանելով ներհայաստանյան իրադարձություններին վերաբերող հարցին, Սերժ Թանկյանը ասաց, թե կարեւոր է, որ մարդիկ պայքարեն իրենց իրավունքների եւ արդարության համար: Նա, անշուշտ, լուծման դեղատոմս չունի, սակայն, իր համոզմամբ, լուծումը «ժողովրդավարությամբ» եւ «քաղաքական լուծումներով» պետք է լինի:

Նա կոչ արեց Հայաստանի իշխանություններին պայքարել կոռուպցիայի դեմ:

«Հրեաների նման հայերը բավական զորավոր սփյուռք ունեն, որը հայրենիքին օգտակար լինելու նպատակ միշտ էլ ունեցել է: Բայց ամեն անգամ, երբ սփյուռքահայությունը աշխատում է Հայաստանի բիզնեսների հետ, շատ դժվարություններ են մեջտեղ գալիս», - ասաց նա: -«Պետք է կաշառակերությունը պակասեցվի երկրի մեջ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG