Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 8-ը մայիսի)

«Մայիսյան հերոսամարտերի նախօրեին երկրում ծավալվող քաղաքական իրադարձությունները վկայում են, որ առաջնության հասնելու մարմաջի ու նեղ-անձնական պատվախնդրությունների վրա խարսխվող ներկա գաղափարազուրկ քաղաքական պայքարը սկսում է աստիճանաբար մոռացության մատնել մեզ դեռեւս շատ անհրաժեշտ «հաղթանակի գիտությունը», - շեշտադրում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը եւ հայերի համար բազմիցս հաղթական մայիսին առաջարկում բոլորին առավել խորը մտածել. - «Արդյոք մեզանում ներկայումս ծավալվող ներքաղաքական պայքարի տարբեր դրսեւորումները՝ իշխանություն-ընդդիմություն փոխադարձ օտարման պատնեշը եւ բազմաթիվ այլ՝ ամենքիս հայտնի փաստերը տեղավորվո՞ւմ են մայիսյան հերոսամարտերի արդյունքում մեր յուրացրած «հաղթանակի գիտության» շրջագծի մեջ»:

Լեգիտիմություն-ոչ լեգիտիմությունը, վստահության-անվստահության հանրաքվեն, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով, ընդհանրապես խնդիրներ չեն. մեր իրական խնդիրներն այլ են, օրինակ՝ որ Շուշին այդպես էլ չենք կարողանում նորմալ քաղաք դարձնել: «Պատճառն այն չէ՞, արդյոք, որ մեզ չափազանց վատնում ենք անարժան հարցերի վրա», - հարց է սրում մեկնաբանը: - «Իսկ գուցե հույս ունենք, որ քանի դեռ մենք զբաղված ենք ինտրիգներով ու գզվռտոցով, մեր խնդիրները ինքնաբերաբար կլուծվե՞ն: Այդպես չի լինում»:

«Հայկական ժամանակ» թերթի շեշտադրմամբ՝ ի վերջո գոյություն ունի մեկ ազատագրում, եւ դա մարդու ազատագրումն է. - «Հազարավոր հայ կամավորականներ մասնակցեցին Շուշիի գրավմանը, շատերը զոհվեցին այդ մարտում: Սակայն մի՞թե այդ կամավորները, մի՞թե զոհվածների ընտանիքները, մի՞թե մենք, բոլորս ազատագրված երկրի ազատագրված քաղաքացիներ ենք: Այն ժամանակվա կամավորականներից ոմանք այսօր կրում են սպայական, անգամ գեներալական ուսադիրներ, ունեն ջիփ եւ անծայրածիր ֆազենդաներ. նրանք մարտնչում էին ընդդեմ ստրկության եւ ստրկացան հանուն ուսադիրների, ջիփերի, անծայրածիր ֆազենդաների: Ստրկացան ու ստրկացնում են իրենց ենթականերին եւ իրենց ժողովրդին», - ձեւակերպում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանն ուրվագծում է. - «Իշխանություն-ընդդիմություն «քաղաքական կոնսուլտացիաները շարունակելու» շուրջ մամուլի հրապարակումներին հետեւելով՝ մի տեսակ անհարմարության զգացում ես ապրում: Դրանք կարծես ռազմաճակատային թեժ գծից հենց նոր ստացված հադորդագրություններ լինեն: Նույն բառապաշարը, նույն անհամբեր սպասումը. տեսնես սրա վերջը ինչ է լինելու... Տա' Աստված, որ Եվրախորհրդի միջնորդական ջանքերով հայոց աշխարհը, ի վերջո, ազատվի ինքնակերության հայկական հիվանդությունից, «քաղաքական կոնսուլտացիաները» հանգեցնեն անժամկետ հրադադարի, եւ կողմերը առանց նախապայմանների բանակցային գործընթաց սկսեն՝ հանգուցալուծելով այս դիմակայությունը», - գրում է մեկնաբանը: - «Հայրենի ընդդիմությունը, որքան էլ տխուր է, պետության համար «երկրորդ ճակատ» բացեց»: «Հայոց աշխարհ»-ում զուգահեռված է. - «Երկու դեպքում էլ հայրենի իշխանությունները գործ ունեն «պահանջատեր», կորցրածը վերականգնելու ռեւանշիստական նկրտումներով ծանրաբեռ, ըստ այդմ, ագրեսիվ, միջազգային եւ եվրոպական բոլոր ատյաններում, ցանկացած ամբիոնից անխոնջ կերպով, ակտիվորեն սեփական «դատն» առաջ տանող, Հայաստանի ղեկավարությանը «օկուպանտի», «ագրեսորի» եւ «հանցագործի» պիտակ կպցնող, մի խոսքով՝ անզիջում, ինչպես ասում են, ոխերիմ ընդդիմախոսի հետ»:

«Երբ հակամարտող կողմերն անհաշտ էին եւ՝ «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»-ի կողմնակից, ամեն ինչ հասկանալի էր: Հիմա, երբ խորհրդարանական բոլոր կուսակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ եւ որոշեցին ձեւավորել քննարկումների օրակարգ, իրավիճակն ակնհայտորեն բարդացավ: Գոնե կանխատեսելիության առումով», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Մեկնաբանների մի մասն այն կարծիքին է, որ իշխող կոալիցիան Քոչարյանի թիկունքում իր խաղն է խաղում: Մյուսները թե՝ ընդդիմությունն օգտվում է հարմար առիթից եւ փորձում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձեւն իր նպատակներին ծառայեցնել: Ոմանք էլ այն կարծիքին են, թե Քոչարյանին հաջողվեց ընդդիմությանն այնպիսի բան առաջարկել, որն ինչ-որ չափով մեղմացրեց նրա հայացքները: Ժամանակը ցույց կտա, թե ո՞ր կանխատեսումն է առավել իրատեսական: Բոլոր դեպքերում, ընդդիմության եւ կառավարող կոալիցիայի երկխոսությունը դրական երեւույթ է», - գնահատում է «Առավոտ»-ը: - «Անգամ եթե դա իշխանությունների նախաձեռնությունն է՝ բացառապես ընդդիմությանն ու միջազգային հանրությանը խաբելու նպատակով»:

«Հայկական ժամանակ» թերթն էլ արձանագրում է. - «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտնի բանաձեւն ակնհայտորեն փոխել է հայաստանյան քաղաքական ուժերի մարտավարությունը: Ակնհայտորեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը փորձեր են անում ցույց տալու, որ պատրաստ են երկխոսության»: Մեկնաբանություններից ու պարզաբանումներից դատելով, սակայն, «Քոչարյանի լիազոր ներկայացուցիչ կոալիցիայի հետ ընդդիմությունը պատրաստ է քաղաքական երկխոսություն սկսել միայն Ռոբերտ Քոչարյանի հեռացման տարբերակների շուրջ»: Իս կոալիցիայի ներկայացուցիչներն էլ արդեն սահմանել են, որ «եթե ընդդիմությունը շարունակի նման անլուրջ բաներ առաջարկել, ապա իրենք այլեւս որեւէ բանի պատրաստ չեն լինի»: «Այսպիսով», - ամփոփում է «Հայկական ժամանակ»-ը, - «երկուշաբթի օրը, երբ ընդդիմությունը կոալիցիային կներկայացնի քաղաքական երկխոսության իր թեման, ըստ ամենայնի, հենց այդ պահին էլ կավարտվեն ընդդիմություն-իշխանություն թե՛ արդեն սկսված քաղաքական խորհրդակցությունները, թե՛ այդպես էլ չսկսված քաղաքական երկխոսությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG