Մատչելիության հղումներ

Խորհրդարանի ընդդիմադիր եւ իշխանական թեւերը սկսեցին քաղաքական խորհրդակցությունները


Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի առանձնասենյակում հինգշաբթի երեկոյան 4,5 ժամից ավելի տեւած՝ խորհրդարանական բոլոր յոթ խումբ֊-խմբակցությունների ներկայացուցիչների քաղաքական խորհրդակցության երեւացող արդյունքը եղավ համատեղ ստորագրված հայտարարությունը, որ «համաձայնության եկան շարունակել քաղաքական կոնսուլտացիաները՝ միասնաբար ձեւավորելով քննարկվող հարցերի օրակարգ», եւ «մասնակիցները կարեւորեցին քաղաքական նոր իրավիճակի ստեղծման անհրաժեշտությունը երկրում՝ հիմք ընդունելով կոալիցիայի մաս կազմած կուսակցությունների հայտարարությունները, ինչպես նաեւ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության մայիսի 4֊-ի համատեղ հայտարարությունը»:

Արդյունքի չերեւացող մասը հետագա քաղաքական խորհրդակցությունների՝ 30 կետից բաղկացած օրակարգի նախագիծն է, որը պայմանավորվել են չհրապարակել՝ մինչեւ իշխող կոալիցիայի խորհրդի նիստում եւ ընդդիմության համատեղ նիստում այն վերջնական տեսքի չբերվի: Ընդդիմադիրները երեկ ուշ երեկոյան էին քննարկում նախագիծը, կոալիցիան պատրաստվում է դա անել այսօր:

Ընդդիմության գործողությունները համակարգող շտաբի պետ Վիկտոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե խորհրդակցությանը կոալիցիայի ներկայացուցիչներն ասել են, որ լիազորված են թե' երկրի նախագահի, թե' վարչապետի կողմից:

Քաղաքական խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցից չհրաժարվեցին միայն ընդդիմության «բանագնացները»՝ չնայած Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ սրանք ոչ թե բանակցություններ, այլ դեռեւս սոսկ քաղաքական կոնսուլատացիաներ են:

Օրակարգի 30 կետանոց նախագծի վերաբերյալ Շավարշ Քոչարյանը ասաց. - «Կան առաջարկություններ կոալիցիայի կողմից, կան «Ժողպատգամավոր»-ի, ՄԱԿ-ի կողմից... Սրանք կոնսուլտացիաներ են Ազգային ժողովի նախագահի մոտ»:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը փոխանցեց, որ դրանց մեջ ընդդիմության առաջարկով ներառվել են իրենց հայտնի 10 առաջարկներն ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձեւի դրույթները, կոալիցիայի 4 առաջարկները եւ այլն:

Ինչ վերաբերում է վստահության հանրաքվեի հարցին, որը կոալիցիան քննարկելի է համարում միայն դրա իրավական հիմքերի մակարդակում, Դալլաքյանի փոխանցմամբ, իրենք քննարկելու են «վստահության հանրաքվեի հետ կապված իրավական խնդիրները»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG