Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հայտարարում է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ


«Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը չորեքշաբթի օրը հայտարարել են, որ պատրաստ են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 28-ին ընդունած թիվ 1374 բանաձեւի շրջանակներում բանակցել Հայաստանի իշխանությունների հետ: Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ մայիսի 6-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին հրավիրելով քաղաքական խորհրդակցության՝ «քննարկելու ներքաղաքական իրավիճակը երկրում»:

«Գիտակցելով իրենց պատասխանատվությունը երկիրը հնարավորինս արագ եւ անցնցում դեպի իրավական եւ ժողովրդավարական պետության կայացման ուղի դուրս բերելու համար», - ասված է ընդդիմադիրների հայտարարությունում, - «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը պատրաստ են 1374 բանաձեւի շրջանակներում սկսել բանակցություններ Հայաստանի իշխանությունների (ՀՀ գործող նախագահի եւ ՀՀ վարչապետի) հետ՝ շարունակելով կոնսուլտացիաները ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ, եւ որպես բարի կամքի արտահայտություն, առաջիկա 10 օրերի ընթացքում ձեռնպահ են մնալու մայրաքաղաքում հանրահավաքների անցկացումից»:

Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությամբ, իրենք փաստորեն իշխանություններին 10-օրյա ժամկետ են տալիս:

«Մենք պետք է տեսնենք, որ իրենք կատարում են շոշափելի քայլեր՝ ուղղված Եվրոպայի խորհրդի բանաձեւի պահանջների կատարմանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը պատրաստ է մասնակցել ԱԺ նախագահի հրավիրած քաղաքական խորհրդակցություններին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. - «Քաղաքական կոնսուլտացիան մի բան է, իսկ այն, ինչ Եվրոպայի խորհրդի բանաձեւը պահանջում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, լրիվ ուրիշ բան է: Կոնսուլտացիաներին մենք դեմ չենք, շարունակելու ենք: Բայց բնական է, որ Արթուր Բաղդասարյանը ունի իր լիազորությունների շրջանակը, իր հնարավորությունների շրջանակը, իսկ երբ խոսքը վերաբերում է իշխանությունների հետ [երկխոսությանը], բնական է, որ խոսքը վերաբերում է հենց Ռոբերտ Քոչարյանին առաջին հերթին»:

«Մենք պատրաստ ենք բանակցել Ռոբերտ Քոչարյանի հետ ներկա վիճակի, ճգնաժամի շուրջ՝ այն, ինչ գրված է Եվրախորհրդի բանաձեւում», - ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG