Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը խստորեն դատապարտում է «ճնշումները» Հայաստանում


Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեքշաբթի ուշ երեկոյան տարածել է հայտարարություն, որով խստորեն դատապարտել է Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության վրա գործադրվող ճնշումները եւ հորդորել է միջազգային հանրությանը՝ աջակցել «շարունակվող ճնշումներին» վերջ տալու համար:

«Հայաստանյան իշխանությունները կրկնում են նույն կարգի չարաշահումները, որոնց հետեւանքով հարցականի տակ էր դրվել անցյալ տարվա ընտրությունների օրինականությունը», - ասել է կազմակերպության Նոր Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի գործադիր տնօրեն Ռեյչիլ Դենբերը: - «Շարունակվող ճնշումներին պետք է վերջ տալ»:

Հայտարարությանը կցված է 21 էջանոց «համառոտ տեղեկանք», որը մանրամասնում է «ընդդիմության աջակիցների զանգվածային ձերբակալություններն ու ոստիկանության բռնությունները»: Տեղեկանքը կազմել է Human Rights Watch-ի ներկայացուցիչը, ով անցած ամիս հատուկ այցելել էր Հայաստան:

Human Rights Watch-ը պահանջում է, որ իշխանությունները հետաքննեն կառավարության «չարաշահումները», որոնք թույլ են տրվել Ռոբերտ Քոչարյանի դեմ ընդդիմության՝ արդեն ամսից ավելի տեւող փողոցային ցույցերի ընթացքում: Ասվում է, որ Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը եւ այլ համաեվրոպական այլ մարմինները պետք է «մոտիկից հետեւեն իրավիճակին եւ դատապարտեն տեղ գտնող ցանկացած նոր չարաշահում»:

Հայտարարությունում առանձնացվում է, որ Երեւանում ապրիլի 12-ի ցույցը ցրելիս «ոստիկանության չարդարացված մեծ ուժեր են գործադրվել»:

«Human Rights Watch-ը հայտնաբերել է, որ ցույցի մասնակիցների ստացած ամենալուրջ վնասվածքները հետեւանք են օգտագործված պայթուցիկների, որոնք խորը վերքեր են հասցրել բազմաթիվ ցուցարարների», - գրում են հայտարարության հեղինակները՝ ավելացնելով, որ իշխանությունները «պետք է դադարեցնեն պայթուցիկների եւ էլեկտրաշոկային մահակների գործածումը խաղաղ ցույցերը վերահսկելիս»:

Հայաստանում քաղաքական լարվածության սրման հիմնական պատճառը, ըստ Human Rights Watch-ի, 2003 թվականի նախագահական ընտրություններն են, որոնք ընտրախախտումների համար քննադատության են ենթարկվել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) եւ Եվրախորհրդի դիտորդական առաքելությունները:

«Հայաստանը պետք է անդրադառնա ընդդիմության ցույցերի հիմքում ընկած պատճառներին», - ասել է Դենբերը: - «Առաջին քայլը այդ ուղղությամբ պետք է լինի 2003 թվականի ընտրություններից հետո ԵԱՀԿ-ի հանձնարարականների իրականացումը»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG