Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» օրենքը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը փոխանցեց նախագահի մամուլի խոսնակ Աշոտ Քոչարյանը, մայիսի 4-ին ստորագրել է ապրիլի վերջին Ազգային ժողովի կողմից ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» օրենքը:

Օրենքը ուժի մեջ կմտնի հրապարակվելուց 10 օր հետո:

«Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» օրենքի՝ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների բացակայությամբ քննարկումն ու ընդունումը ընդդիմության ներկայացուցիչները մատնանշել էին որպես ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ սկսված քաղաքական կոնսուլտացիաները դադարեցնելու պատճառ:

Օրենքի նախագծի մասին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների ոչ պաշտոնական կարծիքը բացասական է: Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը սպասվում է գալիք հունիսին:

Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան անցած շաբաթ ասել էր, թե վերանայման կարիք ունեն օրենքի մի շարք հոդվածներ:

«Երբ քաղաքական լարվածությունը երկրում նվազի, մեր կարծիքով, հարկավոր է վերադառնալ այս օրինագծին», - ասել էր Նատալյա Վուտովան:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG