Մատչելիության հղումներ

Եվրոբանկը ավելացնելու է հարավկովկասյան երկրների տնտեսությունների վարկավորումը


Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ներկայացրեց վերջերս կայացած Եվրոբանկի (Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկ) տարեկան համաժողովի, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի համատեղ գարնանային հանդիպումների արդյունքները։ Սարգսյանի փոխանցմամբ, Եվրոբանկը որոշում է ընդունել կտրուկ ավելացնել հարավկովկասյան երկրների տնտեսությունների վարկավորումը:

«Այսուհետեւ Եվրոբանկը որոշում է ընդունել, որ տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում նրանք պատրաստն են ավելի մեծ ռիսկեր վերցնել իրենց վրա՝ մասնավոր սեկտորը վարկավորելու նպատակով», - պարզաբանեց Տիգրան Սարգսյանը՝ փոխանցելով միաժամանակ, որ Եվրոբանկը պատրաստ է 30-40 միլիոն եվրոյի շրջանակներում վարկավորել Հայաստանում փոքր հիդրոկայանների կառուցման բիզնես-ծրագրերը:

Իսկ ընդհանուր առմամբ, այդ նպատակի համար Եվրոբանկը կարող է 100 միլիոն եվրո հատկացնել։ Ենթադրելի է, որ այդ քայլն ուղղված է Մեծամորի ԱԷԿ-ին համարժեք այլընտրանքային հզորությունների ստեղծմանը։

Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ, Եվրոբանկը խոստացել է աջակցել կամ մասնակցել Հայաստանում հիպոթեկային հիմնադրամի ստեղծման ծրագրին. բանկի գնահատումներով, Հայաստանում երեք տարվա ընթացքում հիպոթեկային ներդրումները կարող են հասնել 150 միլիոն դոլարի։

Հայաստանին սատարելու հարցում Եվրոբանկից հետ չեն մնում նաեւ մյուս միջազգային ֆինանսական կառույցները: Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդն այսօր որոշում է ընդունել Հայաստանում իրականացվող Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի եռամյա վարկային ծրագիրը երկարաձգել մինչեւ այս տարվա դեկտեմբեր, քանի որ այն ավարտվում էր այս ամսվա կեսերին, իսկ 100 միլիոն դոլար կազմող այդ գումարից փոխանցվել է ընդամենը 73 միլիոնը։ Որոշվել է այդ ծրագրի շրջանակներում հատկացնել հերթական 15 միլիոն դոլարանոց մասնաբաժինը։


Դոլարային լուրջ ներարկումներ են փոխանցում ոչ միայն միջազգային ֆինանսական կառույցները, այլեւ արտասահմանում աշխատող մեր հայրենակիցները։ Կենտրոնական բանկի նախագահն այսօր ասաց, թե այս տարվա առաջին եռամսյակում արտասահմանում աշխատող հայերը նախորդ տարվա համեմատ Հայաստան են փոխանցել 30 տոկոսով ավելի արժութային միջոցներ՝ գումարային արտահայտությամբ մոտ 140 միլիոն դոլար։ Այսպես շարունակվելու դեպքում մինչեւ տարեվերջ այդ թիվը կարող է գերազանցել 600 միլիոն դոլարը՝ հավասարվելով Հայաստանի պետական բյուջեին:

Բնականաբար, դոլարային այս առատ անձրեւը բերում է հայաստանյան շուկայում դոլարի արժեզրկմանը։ Դա տեսանելի է հատկապես վերջին ամսվա ընթացքում. ներքին շուկայում դոլարն այսօր գնվում է 545 վաճառվում 550 դրամով, մինչդեռ, 1,5-2 ամիս առաջ այն առնվազն 15 դրամով ավելի թանկ արժեր։ Տիգրան Սարգսյանն այսօր հերքեց լուրերը, թե իբր, գործարարների ինչ-որ խմբեր արհեստականորեն իջեցնում են դոլարի փոխարժեքը, որպեսզի հարմար պահին այն էժան գնով հավաքեն:

«Ծավալները մեր ֆինանսական շուկայի արդեն 50 միլիոն դոլարից ավելի են, եւ որեւիցե մեկը այդպիսի ոչ խելամետ, ռիսկային գործողություն չի անի, որի արդյունքում նա կարող է ունենալ վնասներ», - փաստարկեց նա:

Ըստ կենտրոնական բանկի նախագահի, մեր շուկայում դոլարի փոխարժեքի անկումը պայմանավորված է նաեւ դրսի շուկաներում դոլարի արժեզրկմամբ եւ դոլարով արված ներդրումների ցածր եկամտաբերությամբ։ Այդ պատճառով արտասահմանում ապրող ու աշխատող մեր հայրենակիցները իրենց դոլարային խնայողությունները փոխանցում են Հայաստան եւ ներդնում, ասենք, անշարժ գույքի գործարքների մեջ։ Թերեւս այս պատճառով է, որ Հայաստանում վերջին տարվա ընթացքում դրանց գները կտրուկ բարձրացել են։

Թվարկված պատճառների հետ մեկտեղ դոլարի արժեզրկումը Կենտրոնական բանկի նախագահը բացատրում է նաեւ արտահանման ծավալների մոտ 30 տոկոսով աճով, ինչը տնտեսավարող սուբյեկտների մոտ ավելացրել է դոլարի զանգվածի կուտակումը՝ միաժամանակ արժեզրկելով այն։

Մյուս կողմից, Կենտրոնական բանկի կամ կառավարության մասնակցությունը դրամի արժեվորմանը Տիգրան Սարգսյանը բացառում է։

«Հայտարարել ենք, որ մենք հավատարիմ ենք մնալու լողացող կուրսի քաղաքականությանը», - ասաց Սարգսյանը: - «Մենք ենթադրում ենք, որ չպետք է լինի միջամտություն պետության կողմից՝ արժութային շուկայի վրա որեւիցե ազդեցություն թողնելու տեսակետից»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG