Մատչելիության հղումներ

Դատախազությունում ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի բաժին


Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով մարտի 30-ին համակարգում ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի բաժին: Երկուշաբթի օրը գլխավոր դատախազի հրամանով մեկ այլ հրամանով այդ բաժնի վարիչ է նշանակվել հատկապես կարեւոր գործերի քննիչ Միհրան Մինասյանը:

Այս տարվա մարտի 18-ին Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ներկայացնելիս, նախագահ Ռոբերտ Քոչարյանը շեշտել էր, որ նոր դատախազից ու ամբողջ համակարգից «ակտիվ ու վճռական» աշխատանք է ակնկալում՝ մասնավորապես նկատի ունենալով կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության դերակատարությունը:

«Հատկապես մեր իրականության մեջ ներկա փուլում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունից ելնելով, իմ հրամանով ստեղծվեց այդ բաժինը», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Աղվան Հովսեփյանը՝ դա բացատրելով կոռուպցիայի դեմ ավելի խորացված ու մասնագիտացված պայքար ծավալելու անհրաժեշտությամբ: Նրա փոխանցմամբ, բաժնի աշխատակիցները պետք է բացահայտեն կոռուպցիոն հանցագործությունները, քրեական գործերի հարուցման համար անհրաժեշտ նյութեր նախապատրաստեն:

Ակնկալվում է նաեւ, որ բաժինը խորացված տնտեսական վերլուծություններ է կատարելու, ինչի արդյունքնում ի հայտ կբերվեն այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ ստուգումներ եւ քննություն կանցկացվի: Կատարված հետազոտությունների հիման վրա կներկայացվեն առաջարկություններ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու ուղղությամբ:

«Բաժինը կզբաղվի ոչ միայն տնտեսության ոլորտում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի հարցերով, այլեւ՝ ողջ պետական համակարգում: Այդ թվում նաեւ դատաիրավական [ոլորտում], նաեւ դատախազությունում», - ասաց Աղվան Հովսեփյանը: - «Կանոնադրության մեջ ձգտելու եմ, որ մտնի հենց այդ կետը, որ բաժինը կզբաղվի նաեւ դատախազության համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի հարցերով: Ես միամիտ չեմ, որ ժխտեմ մեր համակարգում կոռուպցիայի դրսեւորումը»:

Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանի ներկայացմամբ, առանձին ոլորտներում դատախազության լիազորությունները համարժեք չեն իրենց առջեւ դրված խնդիրներին: Ուստի առանձին բաժին ստեղծելով՝ կկարողանան առարկայորեն հիմնավորել, թե լրացուցիչ ինչ լիազորություններ են պետք դատախազությանը:

«Եվ ոչ միայն ոչ միայն դատախազությանը: Սա մի նոր ոլորտ է, որը շատ կարճ ժամանակում հիմքեր կստեղծի լուրջ օրենսդրական փոփոխություններ կատարելու նաեւ քրեական դատավարության ոլորտում», - ասաց նա՝ ավելացնելով, որ առաջիկայում կվերանայվեն հատկապես կոռուպցիոն երեւույթներին առնչվող մի շարք սկզբունքներ, կկատարվեն օրենսդրական փոփոխություններ:

Տարօրինակ հնչեց, սակայն, Դանիելյանի հետեւյալ հայտարարությունը. -
«Արդեն մոտալուտ ժամանակում կհանդիպեք այնպիսի իրավիճակի, երբ ապացուցման պարտականությունը մի շարք կոռուպցիոն երեւույթների բացահայտման առումով կդրվի ոչ թե մեղադրող կողմի վրա, այլ հենց մեղադրվող կողմի վրա»:

Մինչդեռ, գործող Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներով, մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG