Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Հայաստան - Եվրախորհուրդ հարաբերությունների որոշակի սրման շրջագծում «Առավոտ» թերթը հարկ է համարում հիշեցնել. - «Մեզ ոչ ոք չի ստիպել, կամ նույնիսկ չի խնդրել դառնալ Եվրախորհրդի անդամ: Դրա համար մեր իշխանությունը եւ դիվանագիտությունը տարիներ շարունակ հսկայական ջանքեր են գործադրել: Եթե մեր ժողովրդի մենթալիտետն իսկապես զգալիորեն տարբերվում է եվրոպականից, ապա հենց այս դեպքում է պետք անցկացնել հանրաքվե եւ դուրս գալ մեզ խորթ արժեքներ պարտադրող կառույցից: Իրականում Եվրոպայի խորհուրդը բացարձակապես ոչ իշխանությունների, ոչ էլ ընդդիմության կողմից չէ», - ընդգծվում է «Առավոտ»-ում: - «Եվ, ի դեպ, եթե մեր ընդդիմադիրներն էլ հույս ունեն, որ Վալտեր Շվիմերը հանդես կգա իշխանափոխության կոչերով, ապա նրանց հույսերը սին են: Եվրախորհուրդը իշխանությանը, ընդդիմությանը, պետական եւ հասարակական կառույցներին առաջարկում է խաղի կանոններ, որոնք մենք, այդ կազմակերպության անդամ դառնալիս, ընդունել ենք: Օրինակ, մարդկանց ազատ տեղաշարժի, խաղաղ ցույցերի եւ երթերի իրավունքը, խոսքի ազատությունը, արդար ընտրությունները եւ այլն: Էականն այստեղ այն է, որ այդ սկզբունքները Հայաստանը որդեգրել է Եվրախորհրդի անդամ դառնալուց առաջ՝ 1995թ., ընդունելով երկրի Սահմանադրությունը: Գուցե մեր Հիմնական օրենքը նույնպե՞ս հակասում է մեր մենթալիտետին», - հարց է դնում «Առավոտ»-ը:

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտնի բանաձեւից հետո հանրահավաքային պայքարի «ռազմաճակատում» ակնհայտորեն նոր իրավիճակ է հաստատվել, բայց», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, - «կարծես նոր իրավիճակի զգացողությունն իշխանությունների մոտ իսպառ բացակայում է: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը չի արտոնել ընդդիմության այսօրվա հանրահավաքը եւս»: Այս առումով մեկնաբանը հեգնում է. - «Ստացվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանում գործում է առավելագույնը այնքանով, որքանով չի ազդում մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա»: Քաղաքապետ Զախարյանի պատճառաբանությունները, մեղմ ասած՝ ոչ համոզիչ է համարում եւ «Իրավունք» թերթը՝ նրան մղելով զբաղվել իր անմիջական անելիքով. - «Դե իսկ կանաչ տարածքների հաշվին կառուցվող բազմաթիվ դուքյանները, ստացվում է, ընդհակառակը՝ էապես նպաստում են մայրաքաղաքի զարգացմանը, հատկապես, եթե ունեն իշխանական տանիք: Էլ չենք խոսում բնակելի շենքերից ու կրթօջախներից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող բենզալցակայանների մասին, առանց որոնք քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացումը պարզապես անհնար է»:

«Գոլոս Արմենիի» թերթն այսօր առանձնացրել է. - «Անցնում են շաբաթներ, ամիսներ ու տարիներ, բայց ընդդիմության ղեկավարներից որեւէ մեկը այդպես էլ չի բացատրում գլխավորը՝ այդ ինչո՞ւ նախագահ Քոչարյանը փողոցային երթերից կամ մի քանի հազար հոգու նստացույցից հարկադրված պիտի լինի հրաժարական տալ, ինչո՞ւ նա այդ քայլին պիտի դիմի, եթե նույնիսկ գրոհի գնացած մի քանի տասնյակի էլ մահակի հարված հասնի... Սա սարսափելի գաղտնիք է, որ ընդդիմության առաջնորդները չեն բացում: Իրականում», - մատուցվում է «Գոլոս Արմենիի»-ում, - «նրանք ընդամենը իշխանափոխության խաբկանք են ստեղծում: Այդտեղ կարեւորը որ թե վերջնական արդյունքն է, այլ պարզապես հենց գործընթացը: Եվ վճռական հարվածի խոստումներով անընդհատ փորձում են խաբել զանգվածներին, որպեսզի հավաքի գան ու թվա, թե իրենք ինչ-որ բան անում են»:

«Իրավունք» թերթի վերլուծությամբ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդդիմության առջեւ բացել է իշխանափոխությանն ուղղված գործողությունների «լայն քաղաքական եւ ինչ-որ չափով՝ իրավական դաշտ, իսկ խոշոր հաշվով իշխանություններին թողել է, այսպես ասած, օդում կախված վիճակում». - «Ու թեեւ այժմ, օրինակ, նույն հանրահավաքների հարցում իշխանությունները շարունակում են արգելելու քաղաքականությունը, այնուամենայնիվ, աստիճանաբար հարկադրված կլինեն ենթարկվել Ստրասբուրգից հնչող պահանջներին»: Իսկ ընդհանուր առմամբ, «Իրավունք»-ի մեկնաբանը նշում է. - «Երեւի թե իրավացի էր Վազգեն Մանուկյանը, երբ հանրահավաքում կոչ են անում պատրաստվել երկարատեւ պայքարի ու չակնկալել արագ հաղթանակ»:

«Այս երկրում ոչինչ չի շտկվում, քանզի ոչ ոք մեզանում չի զբաղվում իր գործով», -բանաձեւում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը՝ անդրադառնալով. - «Օրինակ, բոլորին հայտնի է, որ Արամ Աբրահամյանին գնելու եւ «Առավոտ» մեդիահոլդինգի ստեղծման գործարքի կնքահայրը տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն է... Ի՞նչ նպատակով է դա արվում, անհասկանալի է... Այ, երբ տարածքային կառավարման նախարարը սկսի վերջապես զբաղվել տեղական ինքնակառավարման մարմիններով, երբ տրանսպորտի ու կապի նախարարն սկսի զբաղվել տրանսպորտով ու կապով, այն ժամանակ էլ Հայաստանը կդառնա հզոր տերություն», - ակնարկում է «Հայոց աշխարհ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG