Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի պատվիրակության ղեկավարը հետընթաց է տեսնում Եվրախորհրդի հունվարյան բանաձեւից


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, պնդելով, թե ապրիլի 28-ին Ստրասբուրգում ընդունված բանաձեւի արձանագրումներն ու պահանջները նույնն են, ինչ հունվարյան բանաձեւում էր, հայտարարում է այդուհանդերձ, որ վերջին բանաձեւը Հայաստանին «մի քայլ կամ կես քայլ» հետ է տարել:

«Բացասական երեւույթների մասին խոսելով եւ վերջում ձեւակերպումը դնելով, որ եթե այս, այս, այս ենթակետերի հետ կապված առաջընթաց չարձանագրվի, սեպտեմբերին կքննարկվի պարտվիրակության լիազորությունների հարցը, մեզ մի քայլ կամ կես քայլ հետ տարավ», - այսօր Ազգային ժողովում հրավիրած ասուլիսում ասաց Թորոսյանը՝ շարունակելով. - «Որովհետեւ մեր դիրքը հունվարյան վեհաժողովից հետո շատ լավն էր եւ շատ բարենպաստ»:

Ապրիլյան բանաձեւով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մինչեւ հունիսյան նստաշրջան Հայաստանի իշխանություններին պարտավորեցնում է գրավոր զեկուցել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել իշխանություններին ուղղած իր կոչերի ուղղությամբ, եւ սեպտեմբերի նստաշրջանում Հայաստանի պատվիրակության լիազորությունների հարցի հնարավորությունը կապել է, փաստորեն, հենց այդ կետերում առաջընթաց գրանցել-֊չգրանցելու հետ:

Այդ կետերից են ազատ, խաղաղ հանրահավաքները չսահմանափակելու, հանրահավաքներին մասնակցելու համար վարչական կալանքի ենթարկվածներին անհապաղ ազատ արձակելու հանձնարարականներից մինչեւ մամուլի բնականոն գործունեության համար արդար պայմաններ ստեղծելը՝ այդ թվում «Ա1+»-ի համար:

Հարցին, թե իշխանությունները հասցնելու՞ են այդ հարցերում առաջընթաց գրանցել, Տիգրան Թորոսյանը նախ չհամաձայնեց, թե պատվիրակության մանդատի հարցը բանաձեւում կապվում է միայն իշխանություններին ուղղված կոչերի հետ, ապա իր տեսակետն ավելացրեց, թե ուշ չէ ամեն ինչ կարճ ժամանակահատվածում շտկելու ու մեր հունվարյան դիրքը վերադաձնելու համար:

Հարցին, թե վեհաժողովում մեր պատվիրակության ո՞ր թեւի հաղթանակն էր այս փաստաթուղթը, Թորոսյանը պատասխանեց. - «Սա քաղաքական պրիմիտիվիզմ է: Սա անլուրջ մոտեցում է փաստաթղթերին... Ինչ-որ մարդիկ փորձում են անհեթեթ հաղթանակներ ու պարտություններ վերագրել իրենց կամ դիմացիններին: Սա հաղթելու-պարտվելու տեղ չէ»:

Ընդդիմադիրները, մինչդեռ, Եվրախորհրդի բանաձեւը միանշանակորեն «խթանիչ» են համարում ընդդիմության գործողությունների համար:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է փաստաթղթից իր ցանկալին հանել», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ ինքը անձամբ այն միանշանակ խթանիչ» համարելով. - «Որովհետեւ բոլոր հորդորները ուղղված են իշխանություններին»:

Սարգսյանի ընկալմամբ, բանաձեւով վերջնագիր է ներկայացված իշխանություններին: Ըստ նրա, այդպես չէր լինի, եթե ընդդիմության պահանջներից իշխանությունները հետեւություններ անեին:

Ըստ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանի, «բացահայտ կեղծիք է» իշխանությունների մեկնաբանությունը, թե վեհաժողովը մերժել է վստահության հանրաքվեի անցկացումը:

Բանաձեւում, Շավարշ Քոչարյանի մեկնաբանությամբ, ընդդիմությանն ուղղված ընդամենը մեկ կոչ կա, այն էլ ուղղված է թե' ընդդիմությանը, թե' իշխանություններին՝ ձեռնպահ մնալ բռնություններ բերող քայլերից եւ առանց նախապայմանների բանակցությունների մեջ մտնել առկա խնդիրը եվրոպական չափանիշներով լուծելու համար: Իսկ դա, ըստ ընդդիմադիրների, կեղծված ընտրություններով ձեւավորված իշխանությունների խնդիրը լուծելն է:

«Լինի դա հրաժարականով, լինի դա հանրաքվեով, լինի դա իմփիչմենթով. սա է խնդիրը», - ասաց Քոչարյանը՝ ավելացնելով. - «Այս հարցի շուրջ մենք հիմա էլ պատրաստ ենք բանակցությունների»:


Ռուզան Խաչատրյան եւ Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG