Մատչելիության հղումներ

Մամուլի ազգային ակումբը (ՄԱԱ) երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում «Մամուլի թշնամի» տիտղոսը «շնորհում է» երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ նա այդ տիտղոսը կիսել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի (որը զբաղվում է նաեւ լրատվության հարցերով) նախագահ Հրանուշ Հակոբյանի հետ: «Մամուլի բարեկամ» տիտղոսին, ինչպեսեւ անցած տարի, ոչ ոք չի արժանացել:

Ռոբերտ Քոչարյանը նշված տիտղոսին արժանացել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքը ստորագրելու, «լրագրողներ դեմ բռնություններ կիրառողներին չպատժելու եւ երկրում անպատժելիության մթնոլորտը խրախուսելու համար»:

Հրանուշ Հակոբյանին տիտղոսը տրվել է նույն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի ընդունմանը աջակցելու, ինչպես նաեւ «միջազգային կազմակերպությունների եզրակացությունները պատգամավորներից թաքցնելու, լրագրողների դեմ բռնությունները ի պաշտոնե չդատապարտելու համար»:

Ապրիլի 6-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, հարկ է հիշեցնել, Հրանուշ Հակոբյանը, այնուամենայնիվ, դատապարտել էր նախորդ օրը լրագրողների նկատմամբ կատարված բռնությունները:

«Պետք է գնահատական տրվի այս ամենին, եւ մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առաջ», - ասել էր տիկին Հակոբյանը:

Թեեւ հավակնորդների թվում էր նաեւ Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանը՝ ապրիլի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում լրագրողների ծեծն անձամբ հովանավորելու համար, տիտղոսը տրվեց Հրանուշ Հակոբյանին, ով սոսկ «ի պաշտոնե չէր դատապարտել բռնությունները»:

«Ես գտնում եմ, որ դրա մեջ շատ մեծ տրամաբանություն կա, որովհետեւ ծեծողը հրաման է ստացել, հրաման է կատարել, բայց նա ավելի քիչ վտանգավոր է, քան օրենք ընդունողը», - իրենց որոշումը այսօր հիմնավորեց Մամուլի ազգային ակումբի անդամ Դավիթ Պետրոսյանը:

Տիտղոսի հավակնորդների թվում են եղել նաեւ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը (««Զանգվածային լրատվության մասին» օրինագիծը հեղինակելու եւ այն համառորեն պաշտապնեու համար»), Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը (նույն օրինագիծը պաշտպանելու համար), ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը («նշված օրենքի բազմակողմանի քննարկումը չապահովելու, բացակա պատգամավորների փոխարեն կատարված քվեարկությունները հովանավորելու եւ օրենսդիր մարմինը գործադիրի կցորդ դարձնելու համար), Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

«Մամուլի բարեկամ» եւ «Մամուլի թշնամի» տիտղոսները արդեն երրորդ անգամ տրվում են մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ: Խոսքի ազատության հիմնադրամի եւ «Ա1+» հեռուստաընկերության պաշտպանության նախաձեռնող խմբի գլխավորությամբ այսօր մի խումբ լրագրողներ, իրավապաշտպաններ Մամուլի տան մոտից խաղաղ երթով շարժվեցին դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ հավաքվել էին հիմնականում ոչ իշխանամետ լրատվամիջոցների, լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչները, «Ա1+»-ն ամբողջ կազմով, իրավապաշտպաններ:

Դիմելով հավաքվածներին, «Հայկական ժամանակ» թերթի խբագիր Նիկոլ Փաշինյանը ասաց, թե խոսքի ազատության համար պայքարն «առնվազն տարօրինակ է»:

«Որովհետեւ իսկապես տարօրինակ է պայքարել երկրում գործող Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների վերականգնման համար», - ասաց նա: - «Թվում է, թե ամբողջ պետական մեքենան, ամբողջ հասարակությունը, պետական բոլոր կառույցները իրենք պետք է զբաղված լինեին այդ իրավունքների երաշխավորմամբ, սակայն ստացվում է, որ հանրությունը կամ հանրության մի մասը ստիպված է պայքարել այդ իրավունքների համար, որոնք դե յուրե դրված են մեր պետականության հիմքերում»:


Ռուզան Ստեփանյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG