Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ղեկավարությունը փորձում է նվազագույնի հասցնել Աջարիայի տրանսպորտային ուղիների ինքնարգելափակման հետեւանքները


«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հավաստիացրեց, որ երկրի ղեկավարությունն անում է ամեն ինչ՝ նվազագույնի հասցնելու Աջարիայի տրանսպորտային ուղիների ինքնարգելափակման պատճառով Բաթումի նավահանգստից Հայաստան կատարվող բեռնափոխադրումներին պատճառված վնասները։

Մանուկյանը փոխանցեց, որ Աջարիայի տարածքում պայթեցվել են հինգ երկաթուղային կամուրջներ, իսկ Ինգուրի գետի վրայով անցնող երկաթգծի ռելսերը ապամոնտաժվել են, ինչի հետեւանքով անհնար է դարձել այդ ինքնավարության տարածքով հայկական բեռների փոխադրումը:

Նախարարի տեղեկացմամբ, այժմ Բաթումի նավահանգստում կանգնած լաստանավի վրա Հայաստանն ունի 63 երկաթուղային վագոն, որոնք իր խնդրանքով չեն բեռնաթափվել, ու այժմ վրացական կողմի հետ բանակցություններ են տարվում լաստանավը դեպի Փոթիի նավահանգիստ փոխադրելու ու այնտեղ բեռնաթափելու նպատակով:

«Վրացական կողմի հետ պայմանավորվել ենք, Վրաստանում որեւէ խնդիր չկա վագոնների տեղափոխման հետ կապված», - ասաց Անդրանիկ Մանուկյանը՝ ավելացնելով, թե եթե իրավիճակը պահպանվի, Հայաստանը բեռները կստանա Փոթիում, ինչը «ավելի էժան կլինի, քան Բաթումում»:

Նա ասաց, որ այս օրերի դեպքերը ստիպում են կրկին վերանայել Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների սխեմաները:

«Մինչեւ նախանցած տարի բեռների մեծ մասը մշակվում էր Փոթիի նավահանգստում: Հետո փոխվեց Բաթումի. լաստանավը Իլյիչեւսկից գալիս էր դեպի Բաթում», - ասաց նա: - «Քանի որ Բաթումը փակվեց՝ Փոթիում կավելանան»:

Նկատենք, այդուհանդերձ, որ եթե բեռներն անվնաս Հայաստան ներկրելու առումով բարդություններ կարող են չծագել, փոխադրման նման սխեման, անկասկած, ավելի ծախսատար է հատկապես հեղուկ էներգակիրների՝ բենզինի եւ դիզվառելիքի առումով։ Փոթիի նավահանգիստը նույն հզորություններն ու հնարավորությունները չունի, ինչ Բաթումինը։

Պատահական չէ, որ մեր բենզինի շուկան, կարելի է ասել, ակնթարթորեն արձագանքեց Աջարիայի դեպքերին։ Բենզինն արդեն երեկ մայրաքաղաքի բենզալցակայաններում թանկացել էր 10-20 դրամով, դիզվառելիքը՝ նույնպես։

Բնականաբար, Բաթումի նավահանգիստն օգտագործող հայաստանյան մյուս գործարարները եւս կորուստներ կունենան, ինչը որոշակիորեն կազդի նաեւ ներքին շուկայի սպառման գների վրա։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG