Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները հերքում են, թե իրենց նախաձեռնությամբ է Հայաստանի հարցը քննարկվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում


Շաբաթ երեկոյան Ստրասբուրգից Հայաստան վերադարձած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության կազմում ընդդիմադիր թեւը ներկայացնող պատգամավորները հերքում են, թե իրենք են նախաձեռնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկումը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ «Արդարություն» դաշինքի ղեկավար անդամներից Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը, որոնց շաբաթ օրը «Զվարթնոց» օդանավակայում իշխանամետ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները դիմավորել էին բողոքի պաստառներով, երկուշաբթի օրը «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի մոտ իրենց դիմավորելու հավաքված աջակիցներին վստահեցրին, թե Հայաստանի հարցը օրակարգ է մտել ոչ իրենց նախաձեռնությամբ:

«Ազգային միաբանության» գրասենյակի մոտ դիմելով հավաքվածներին, Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ Ստրասբուրգում ընդունված բանաձեւը հաղթանակ է:

«Հայ ժողովուրդը երբեք ու երբեք մենակ չի մնա այս ազգադավ, ապազգային իշխանությունների ճիրաններում», - ավելացրեց Գեղամյանը:

Շավարշ Քոչարյանի խոսքերով, Եվրոպան իրականում հասկացել է, որ հայ ժողովուրդը պատրաստ է ընտրություններն անցկացնել ամենաբարձր եվրոպական չափանիշներով:

«Իրենք էլ հասկացել են, որ միակ խոչընդոտը դա այսօրվա ապօրինի իշխանությունն է», - հայտարարեց նա:

Ինչպես ավելի ուշ հրավիրված ասուլիսում փոխանցեց Շավարշ Քոչարյանը, Հայաստանի հարցը խորհրդարանական վեհաժողովի նախագահության նիստում է բարձրացվել, իսկ այնուհետեւ՝ հաստատվել բյուրոյի նիստում: Ինչպես Շավարշ Քոչարյանը, այնպես էլ Արտաշես Գեղամյանը շեշտեցին, որ այդտեղ որեւէ մասնակցության չեն ունեցել Արդբեջանի կամ Թուրքիայի պատվիրակության անդամները:

Արտաշես Գեղամյանը նման լուրեր տարածողներին անվանեց «ստախոսներ»:

«Պարզապես խաբեբա են կոալիցիայի մաս կազմող այն կուսակցությունները եւ այն գործիչները, ովքեր ստոր սուտը տարածում են», - հայտարարեց Արտաշես Գեղամյանը՝ ավելացնելով. - «Չէի ուզում չակերտները բացել, բայց, այո', այդ [Ադրբեջանի] պատվիրակության անդամներից առաջին օրը մոտեցան եւ ասացին՝ ինչո՞ւ եք մեր Ռոբիկին ու Սերժիկին նեղացնում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG