Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 1-ը մայիսի)

«Տարած, հետ բերած տոներ» խորագրի տակ «Հայոց աշխարհ» թերթը խտացրել է. - «Մայիսի -1-ը տարիներ առաջ որակվեց որպես զուտ սոցիալիստական տոն։ Իսկ քանի որ նորանկախ Հայաստանում, շուկայական պայմաններում բացառվում էր մարդու կողմից մարդու շահագործումը, քանի որ աշխատավորությունը որեւէ պահանջ չուներ հայրենի իշխանություններից եւ ամեն ինչ «ըմբռնում» էր, քանի որ մարդիկ ապրուստի միջոցներ գտնելուց զատ, արդեն այլ երկրների աշխատավորների հետ իրենց համերաշխությունն արտահայտելու ժամանակ չունեին, այդ օրը նույնպես զրկվեց պետական հովանավորությունից։ Ավելին, ամեն ինչ արվեց աշխատավորության տոնը նշելու հիմքերը վերացնելու համար։ Ուղղակի վերացրին աշխատավորությանը՝ վերածելով նրանց վաշխառուների, չարչիների, գործազուրկների, առեւտրականների, մուրացկանների, գաղթականների»։ «Հայոց աշխարհ»-ի ամփոփմամբ՝ այս ամենի արդյունքը եղավ «իրողությունը, որ հիմա Մայիսի 1-ը, նույնիսկ նորից նշվելով պետականորեն, ոչ թե աշխատավորության տոն է, այլ ուղղակի հին ու նոր կոմունիստների եւ ընդհանրապես ընդդիմության համար հարմար առիթ՝ ամեն ինչ քննադատելու»։

«Աշխատավորների համերաշխության օրը կարող էր դառնալ այն հարմար առիթը, որ ողջ հանրապետությունը դուրս գար մի մեծ զանգվածային հանրահավաքի», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Պարտադիր չէ, որ բոլոր աշխատավորները կոնկրետ քաղաքական դավանանք ունենան: Կարող էին պարզապես դուրս գալ՝ ցուցադրելու իրենց համերաշխությունը, ասենք, աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման հարցում: Կամ էլ բողոքեին հարկային ճնշումների, ինչպես նաեւ նոր բուրժուազիայի եւ չինովնիկների՝ ժողովրդին շահագործելու դեմ... Մեր անկախ կապիտալիստական երկրի աշխատավոր քաղաքացիները միայն այն ժամանակ են հիշում կամ հանդգնում պայքարել իրենց ոտնահարված իրավունքների համար, երբ քաղաքական հորիզոնում հայտնվում է իր ուժերի վրա շատ թե քիչ վստահ գործիչ»: Այնպես որ՝ խնդիրն այն է, որ «մինչ օրս մենք փորձում ենք սատարել կա՛մ իշխանություններին, կա՛մ ընդդիմությանը՝ մոռանալով, որ՝ նախեւառաջ, պետք է սովորենք սատարել ինքներս մեզ», - եզրափակում է «Առավոտ»-ը:

«Հայկական ժամանակ» թերթը շարունակում է ուշադրություն սեւեռել, թե իշխանական դաշտում շիլաշփոթ է եւ՝ «խորը դեպրեսիայի մեջ են», քանզի, Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարական վեհաժողովի բանաձեւի նախնական տեքստը իշխանություներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին նույնպես ներկայացվել է որպես ընդունված տարբերակ: Ամեն դեպքում, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը նույնպես արձանագրում է, որ «վեհաժողովի բանաձեւն առանձնապես ազդեցություն չի ունեցել ստեղծված իրավիճակի եւ դրանից դուրս գալու մասին Հայաստանի իշխանությունների դիրքորոշման վրա, եւ իշխանությունները մտածում են, որ ընդդիմությունն ինքը պետք է համապատասխան եզրակացություններ անի»:

«Հայաստանի մասին ընդունված զեկույցի նախնական ու վերջնական տարբերակներում էական տարբերություններ չկան», - իր հերթին շեշտադրում է «Հայոց աշխարհ» թերթը՝ մասնավորապես առանձնացնելով. - «Մի՞թե ընդդիմության համար տեսականորեն անգամ գոյություն ուներ ավելի վատ տարբերակ, քան վեհաժողովի կողմից ապրիլի 28-ին՝ ընտրություններից արդեն 1 տարի անց Հայաստանի իրենց համար այդքա՜ն ատելի նախագահի լեգիտիմության վերահաստատումը»։

Օրերս ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը ուղերձ էր հղել մեր երկրի արտգործնախարար Վարդան Օսկանյանին՝ մտահոգություն հայտնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի առնչությամբ: Այսօր «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում Պրյախինը ասում է. - «Մեզ առանձնապես մտահոգում են քաղաքական գործընթացներում տեղ գտած բռնության դրսեւորումները»: Իսկ ընդհանուր առմամբ, Պրյախինի հայացքը մեր իրականությանը այսպիսին է. - «Քաղաքական այն փուլը, որ սկսվել է Հայաստանում ընտրություններից հետո, ավարտված է: Իշխանական եւ ընդդիմադիր ճամբարները այդ ընթացքում լիովին ցուցադրեցին իրենց ողջ ներուժն ու կարողությունները: Այսօր արդեն բոլորին է ակնհայտ, որ վրացական «վարդերի հեղափոխության» սցենարի իրագործումը Հայաստանում չհաջողվեց եւ անհնարին է իրագործել ընդհանրապես: Միաժամանակ, կարծում եմ, կոալիցիա կազմած քաղաքական ուժերը եւս ըմբռնեցին, որ ընդդիմության հանդեպ կիրառված հակազդեցությունը շատ ավելի ուժգին էր, քան ընդդիմության դրսեւորումներն էին, եւ այն չի կարող կառուցողական հետեւանքներ ունենալ: Ուստի մեկ անգամ եւս ընդգծում եմ, որ քաղաքական բանակցությունները անհրաժեշտ են»:

«Գոլոս Արմենիի» թերթի ընկալմամբ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մի քանի օրում մեր իշխանության եւ ընդդիմության համար մանրակրկիտ ծամեց բոլոր խնդիրներն ու լուծումները, եւ վերջիններիս մնում է միայն դրանք կուլ տալ: Առավել դառը հաբեր, ըստ այս թերթի, տրված են ընդդիմությանը: «Իսկ իշխանությանն ուղղված հանձնարարականները հանգիստ կարելի է կատարել մեկ-երկու շաբաթում... Եվ եթե հայաստանյան ընդդիմությունը փողոց դուրս չգա, ապա դժվար թե աշխարհում նրանից ազատ ընդդիմություն լինի», - սահմանվում է «Գոլոս Արմենիի»-ում:

Մամուլի ազատության համաշխարհային օրվա շեմին «Հայկական ժամանակ» թերթը ընդգծում է. - «Սահմանադրական այդ իրավունքը իրացնելու ցանկություն ունեցող մարդկանցից հավելյալ ճիգեր են պահանջվում այդ իրավունքը կյանքի կոչելու համար: Իհարկե, իրացվելիության հնարավորության տեսանկյունից խոսքի ազատության իրավունքը մյուս իրավունքներից ոչ լավ, ոչ էլ վատ վիճակում է: Այսօր մարդկանցից համարձակություն է պահանջվում երթեր ու ցույցեր անելու, կարծիք արտահայտելու իրավունքներին տեր կանգնելու համար: Էլ չասենք, որ իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը իրացվելիության նվազագույն տոկոս ունի: Բայց ինչպես են իշխանությունները դիմավորում Մամուլի ազատության համաշխարհային օրը. ապրիլի հինգին «Նաիրի» կինոթատրոնի մոտ լրագրողների նկատմամբ բռնարարքներ իրականացրած անձինք բացահայտված չեն», - մատնանշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ավելին, անգամ լրագրողների դեմ բռնարարքներ գործելու փաստի կապակցությամբ քրեական գործ չի հարուցված, այն դեպքում, երբ բռնությունները տեղի են ունեցել հազարավոր մարդկանց աչքերի առաջ, իսկ բռնարարքների հեղինակների լուսանկարները հրապարակվել են մամուլում, ցուցադրվել են հեռուստատեսությամբ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG