Մատչելիության հղումներ

Օսկանյանը դժվարանում է պատասխանել «Հայաստանում արդեն կա՞ն քաղբանտարկյալներ» հարցին


Ապրիլի 30-ին մի խումբ լրագրողների հանդիպմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի՝ վերնագրում բերված հարցին, արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, թե
մինչեւ դատական պրոցեսները ինչ-որ մի փուլի չհասնեն եւ կալանքի տակ գտնվողների նկատմամբ հիմնավորումները հստակ չդառնան, դժվար է ասել՝ նրանք քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ:

«Այս պահին դժվարանում եմ, բայց դա շատ շուտով կպարզվի: Սա Եվրոպայի խորհրդի առաջնային խնդիրներից մեկն է» , - ասաց Օսկանյանը՝ հավաստիացնելով, որ այդ մասին մենք շատ արագ կիմանանք, որովհետեւ Եվրոպայի խորհուրդը դա երբեք «աչքաթող չի անի»:

«Պետք է սպասել: Դատական պրոցեսները որոշ փուլեր կանցնեն, Եվրոպայի խորհուրդը ինքը դատողություններ կանի եւ մենք բոլորս կիմանանք Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ չկան», - առաջարկեց նա:

Լրագրողները արտգործնախարարություն էին հրավիրվել հիմնականում երկու հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով: Արտգործնախարարը ներկայացրեց Վարշավայում կայացած Ռոբերտ Քոչարյանի եի Իլհամ Ալիեւի երկրորդ հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ՝ ավելի ծավալուն անդրադարձավ Հայաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ընդունած բանաձեւին:

«Այս բանաձեւը ընդդիմության ոտքի տակից գորգը ամբողջությամբ քաշում է», - բնորոշեց արտգործնախարարը

Նա երեք հիմնական շեշտադրում կատարեց՝ ասելով, որ ընդդիմությունն իր գործունեությունը հիմնավորում է դրանցով: Արտգործնախարարը նշեց նախագահի վստահության հանրաքվեի անցկացումը, նախագահի լեգիտիմության հարցը եւ իշխանությունների հետ երկխոսությունը նախապայմաններով պայմանավորելը:

«Այս երեք հարցերի հետ կապված Եվրոպայի խորհուրդը իր կարծիքը հստակ հայտնել է», - ընդգծեց Օսկանյանը: - «Հանրաքվեն մերժվել է, նախագահական ընտրությունների արդյունքները վերահաստատվել են եւ հստակորեն պարտադրանք է դրվել ե'ւ իշխանությունների, ե'ւ ընդդիմության առջեւ երկխոսության մեջ մտնել առանց նախապայմանների»:

Ինչ վերաբերում է բանաձեւում տեղ գտած իշխանություններին ուղղված կոչերին, արտգործնախարարը ասաց, թե համոզված է, որ իշխանությունները շատ լուրջ կվերաբերեն այդ բանաձեւին, բոլոր առաջարկություններին եւ կփորձեն բոլորի պատասխանը տալ:

«Բայց մյուս կողմից շատ բան կախված է ընդդիմության հետագա գործողություններից»,- ավելացրեց նա: - «Եթե ընդդիմությունը շարունակի անօրինական պահանջներ դնել, ճանապարհներ փակել, ոստիկանության կոչերին չենթարկվել, փորձի իր նպատակները բռնի կիրառել, ես կարծում եմ, հակադարձելուց բացի իշխանությունները այլընտրանք չունեն»:

Նա նշեց, որ ընդդիմությունը պետք է փոխի աշխատաոճը եւ այդ պայմաններում իշխանությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն լարվածությունը ոչ միայն թուլացնելու, այլեւ ընդհանրապես վերացնելու համար:

Վարդան Օսկանյանը մասամբ դժգոհեց նաեւ բանաձեւի որոշ կետերից՝ ասելով, թե բանաձեւի նկարագրական մասում բազմաթիվ փաստեր կան, որոնք իրականությանը չեն համապատասխանում եւ փոխանցեց, որ իշխանությունները Եվրոպայի խորհրդին գրավոր հայտնելու են իրենց կարծիքը:


Օսկանյանի խոսքերով, բանաձեւից դուրս է մնացել փաստը, որ ընդդիմությունը ծայրահեղ ու հակասահմանադրական պահանջներ է դնում:

«Եվ մենք Եվրոպայի խորհրդի ղեկավարության ուշադրությունը դրա վրա անպայաման կհրավիրենք, - ասաց արտգործնախարարը՝ նաեւ հավաստիացնելով ընդդիմությանը, որ աշխահում չկա մի երկիր, չկա մի կազմակերպություն, որը կարող է աջակցել ընդդիմությանը նրանց պահանջները իրականացնելու համար:

Վարշավայում կայացած Ռոբերտ Քոչարյան - Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքները որակելով «դրական», Վարդան Օսկանյանն ասաց, թե նախագահը գտնում է, որ այս հանդիպումը իրոք կարող է նպաստել, որ հետագա հանդիպումների ընթացքում հնարավոր կլինի ընդհանուր եզրեր գտնել բանակցություններին հիմք ծառայելու համար:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները կշարունակվեն, մյուս հանդիպման համար հնարավորություն կստեղծվի հաջորդ բազմակողմ հանդիպման ժամանակ: Մինչ այդ՝ մայիսի 12-13 Ստրասբուրգում կհանդիպեն երկու երկրների արտգործնախարարները:

«Այստեղ նաեւ կարծում եմ, կլինի նախագահների հստակ ցուցումները արտաքին գործերի նախարարներին՝ բանակցությունները որոշ հիմքի վրա դնելու կապակցությամբ: Այնպես որ, մենք դրական տեղաշարժ ենք տեսնում եւ կարծում ենք՝ անպայման շարունակություն կլինի» ,- ասաց Վարդան Օսկանյանը:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG