Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, թե պատրաստ է ընդունել հայ զինվորականներին


Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը, մեջբերելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ռեմիզ Մելիքովի խոսքերը, Բաքուն պատրաստ է թույլ տալ, որ հայ զինվորականները մասնակցեն աշնանը Ադրբեջանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

«ՆԱՏՕ-ն է կազմակերպում զորավարժությունը, եւ մենք պատրաստ ենք ընդունել բոլոր հրավիրյալներին՝ ներառյալ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին», - ասել է Մելիքովը: - «Որպես կանոն, հայ սպաները խուսափում են այցելել Բաքու, սակայն պնդում են, թե իրենք բացակայությունը Ադրբեջանի հարուցած խոչընդոտների արդյունքն է»:

Այս հայտարարությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը անուղղակիորեն հաստատել է Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ Չարլզ Ուոլդի՝ այս ամիս ավելի վաղ Երեւանում արած հայտարությունը, որ Իլհամ Ալիեւը խոստացել է չխոչընդոտել հայ զինվորականների մասնակցությունը զորավարժություններին:

«Իլհամ Ալիեւը անձամբ ինձ խոստացել է, որ կթույլատրի հայկական կողմին մասնակցել սեպտեմբերին կայանալիք զորավարժություններին: Փաստորեն հայկական կողմը պատրաստ է մասնակցել զորավարժություններին, իսկ ադրբեջանցիները պատրաստ են նրանց ընդունել: Այս հարցով լրջորեն զբաղվում է նաեւ ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դեսպանը», - ասել էր Ուոլդը:

Հայաստանի Պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների եւ ռազմական համագործակցության վարչության ղեկավար Միքայել Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ ադրբեջանական կողմի դիրքորոշման մեղմացման եւ ամերիկյան կողմից հնչած հայտարարությունների միջեւ ըստ երեւույթին ուղղակի կապ կա:

Նրա խոսքից նաեւ կարելի է հասկանալ, որ ադրբեջանական կողմի իրական մտադրությունների մասին հնարավոր կլինի խոսել, երբ պարզ դառնա՝ հունիսին Բաքվում կայանալիք զորավարժությունների նախապատրաստական կոնֆերանսին մասնակցող հայ երկու սպաներին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունը մուտքի վիզա կտա՞, թե՞ ոչ:

Գեներալ Մելքոնյանը նաեւ ասաց, որ բուն զորավարժություններին Հայաստանը հույս ունի մասնակցել լրիվ ֆորմատով. այն է՝ մեկ հետեւակային ջոկ եւ շտաբային սպաներ:

Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG