Մատչելիության հղումներ

Որոտանի հիդրոհանգույցը հնարավորություն է ստեղծում վերականգնել Սեւանի էկոհամակարգը


Անցած շաբաթ գործարկված Որոտանի հիդրոհանգույցը, դրա շահագործման հանձնման կառավարական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, հնարավորություն կտա առաջիկա տարիների ընթացքում կտրուկ բարձրացնել Սեւանա լճի մակարդակը:

Նոր հիդրոհանգույցը կարող է տարեկան 165 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջուր մղել Սեւանա լիճ:

«Հաշվի առնելով նաեւ Արփա գետից լիճ տեղափոխվող 260 միլիոն խորանարդ մետր ջուրը, հնարավորություն է ստեղծվել Սեւանի մակարդակը 18 տարվա ընթացքում բարձրացնել 6 մետրով՝ այդպիսով ապահովելով նրա խախտված էկոլոգիական համակարգի վերականգնումը», - ուրբաթ օրը լրագրողնրին ասաց Մովսիսյանը՝ հավելելով, որ նորակառույց հիդրոհանգույցը նաեւ էներգետիկ խնդիրներ կլուծի:

Խոսքը Որոտան-Արփա 20,5 կիլոմետրանոց թունելի մասին է: 1981 թվականին սկսված այդ կառույցի շինարարությունը, միջոցների բացակայության պատճառով, ընդհատվել էր 1992-ին եւ վերսկսվել 1997 թվականին։

Վլադիմիր Մովսիսյանի խոսքերով, Որոտանի ավազանից ջրի մի մասի ուղղումը դեպի Սեւան, թեեւ 71 մեգավատտով կրճատում է Որոտանի ՀԷԿ-երի կասկադի հզորությունը, սակայն, դա մասամբ կարելի է փոխհատուցել Սեւան-Հրազդան կասկադի հաշվին: Իսկ ջրի մղումը դեպի Սեւանա լիճ կլուծի նաեւ ջրի ռազմավարական պաշարի կուտակման խնդիրը։

«Որովհետեւ Սեւանում մենք առանց պատվարներ կառուցելու կարող ենք ջուր կուտակել: 26 միլիարդ [խորանարդ մետր] օգտագործել ենք՝ 26 միլիարդի տեղ ունենք», - Սեւանի՝ որպես ջրի պաշարի կուտակման լավագույն ջրամբարի, օգտին փաստարկներ բերեց Մովսիսյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG