Մատչելիության հղումներ

Իրավապահների «ինտենսիվ» քննությունը առայժմ անարդյունավետ է


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության լրատվության վարչությունից, ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության քննչական խումբը «ինտենսիվ աշխատում է ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ լրագրողներին նկատմամբ բռնություններ իրագործած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»: Հայտնաբերումներ, այդուհանդերձ, չկան:

Կենտրոն համայնքի ոստիկանության քննիչ Արսեն Այվազյանը, ով զբաղվում է անցած շաբաթ Մտավորականների ֆորումի ղեկավար անդամներից Աշոտ Մանուչարյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի հետաքննությամբ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդամենը, թե քննությունը շարունակվում է: Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման խմբի անդամ Գայանե Մարկոսյանը, ում ներկայությամբ էր ծեծի ենթարկվել Մանուչարյանը, փոխանցեց, որ Աշոտ Մանուչարյանը դեռեւս ի վիճակի չէ ցուցմունք տալ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանին վերաբերող բանաձեւի հանձնարարականներից է, մինչդեռ, նաեւ հետեւյալը. - «Թափանցիկ եւ վստահելի կերպով անմիջապես ուսումնասիրել վերջին իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպերը եւ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, այդ թվում՝ լրագրողների եւ իրավապաշտպանների վրա հարձակումները, եւ Վեհաժողովին տեղեկացնել բացահայտումների ու պատասխանատու անձանց հանդեպ հնարավոր օրինական գործողությունների մասին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG