Մատչելիության հղումներ

Վարչապետը «բարի կամքի» դրսեւորում է համարում հանրահավաքների մասին օրենքի ընդունումը


Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հակադարձելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու կառավարությունը բարի կամք չցուցաբերեց ու չհետաձգեց հանրահավաքներին առնչվող օրինագծի քվեարկությունը, ասաց. - «Ընդհակառակը, մենք բարի կամք ենք ցուցաբերել. արագ ընդունեցինք օրենքը, որպեսզի ընդդիմությունը եւ իշխանությունները հստակ իմանան իրենց ե'ւ իրավունքները, ե'ւ պարտավորությունները, եւ [ընդդիմադիրները] իշխանություններին չմեղադրեն օրենքը խախտելու մեջ»:

Իսկ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցի քննարկման առիթով Անդրանիկ Մարգարյանը ասաց ընդամենը. - «Փառք ու պատիվ մեր ընդդիմությանը, թուրքերին եւ ադրբեջանցիներին»:

Թուրքերին եւ ադրբեջանցիներին այսօր հիշատակեց նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում վստահություն հայտնելով, որ այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկման արդյունքում Հայաստանի պատվիրակության մանդատը դադարեցնելու հարց չի դրվի:

«Վստահ եմ ուղղակի, որ այդպիսի բան չի լինելու, որովհետեւ ադրբեջանցիների եւ թուրքերի ուժը այդքանի չի հերիքի», - ասաց պաշտպանության նախարարը:

Ազգային Ժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողներին փոխանցեց, որ իրենց խմբակցությունը «Հանրահավաքների, ցույցերի եւ երթերի անցկացման մասին» օրենքին դեմ քվեարկելու հիմքեր չի տեսել՝ անհիմն որակելով նաեւ տեսակետը, թե նախագահ Քոչարյանի պնդմամբ է արագացվել օրենքի ընդունումը:

Անդրադառնալով ընդդիմության՝ որպես երկխոսություն սկսելու նախապայման ներկայացված առաջարկություններին, Ազգային ժողովի նախագահը ասաց. - «Առաջարկությունների մեջ կան շատ կետեր, որոնք պետք է հաշվի առնել, նստել եւ երկխոսությունը շարունակել: Կան նաեւ շատ առանցքային կետեր, որոնք իրոք պետք է ընդունել, պետք է նստել եւ քաղաքական երկխոսության ճանապարհով գտնել հանգուցալուծումներ»:

Իսկ ընդդիմության առաջարկներում սահմանադրական պահանջներ մասին Բաղդասարյանը ասաց, թե դրանք քննարկման առարկա չեն:

«Յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժի իրավունք երկրում ու այդ տեղաշարժը պետք է կատարի», - նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ քաղաքական որոշման արդյունքում ազատ արձակվեն քաղբանտարկյալները, Ազգային ժողովի նախագահը ասաց. - «Այո: Եթե քաղաքական երկխոսությունը կայանա, ես ինքս որպես Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ դիմել ե'ւ համապատասխան իրավապահ մարմիններին, ե'ւ հանրապետության նախագահին»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG