Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ ամերիկացի վերլուծաբանների, Հայաստանը Հարավային Կովկաս մտնելու «բանալին» է ԱՄՆ-ի համար


«Սթրաթֆոր» ռազմավարական կանխատեսումների ամերիկյան հետազոտական կենտրոնի փորձագետների կարծիքով, եթե ԱՄՆ-ը ցանկանում է առաջատար դերակատարում ստանձնել Հարավային Կովկասում, ապա դրան հասնելու բանալին «Հայաստանին իր կողմը ձգելն է»:

«Այժմ, երբ Մոսկվան կենտրոնացել է ներքին խնդիրների վրա, իսկ Թեհրանին ավելի շատ զբաղեցնում է Իրաքի խնդիրը, ԱՄՆ-ը գերազանց հնարավորություն ունի սեպ խրելու Ռուսաստանի եւ Իրանի միջեւ եւ ամրապնդվելու ԱՊՀ տարածքում», - ասվում է կենտրոնի վերջին վերլուծականում:

Պարզաբանելով, թե ինչու հենց Հայաստանն է այդքան կարեւոր ամերիկացիների համար՝ «Սթրատֆոր»-ի մասնագետները փաստում են, որ Վրաստանն ու Ադրբեջանը արդեն հաստատուն կանգնած են Միացյալ Նահանգների կողքին, իսկ Հայաստանը միշտ ռուսաստանամետ դիրքորոշում է ունեցել: Իրանի հետ էլ Հայաստանի հարաբերությունները լավ են, եւ երկու երկրներին միավորող գործոններից է նաեւ բացասական վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ:

«Եթե Վաշինգտոնը կարողանա շահել Հայաստանի աջակցությունը, ինչը առայժմ մեծ հարցականի տակ է, նա, մի կողմից, կշարունակի մեկուսացնել իր նախկին ախոյան Ռուսաստանին, մյուս կողմից՝ կշրջապատի Իրանը իր ռազմական ներկայությամբ Իրաքում, Աֆղանստանում եւ Կովկասում», - եզրակացնում են «Սթրաթֆոր»-ի մասնագետները:

Նշելով, որ Հայաստանն էլ, իր հերթին, կենսականորեն շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ, ամերիկացի վերլուծաբանները գրում են. - «Հայաստանը գրավել է Ադրբեջանի մի զգալի մասը եւ մտադիր չէ այն վերադարձնել: Ադրբեջանն էլ անընդհատ հայտարարում է, որ ուժով կվերադարձնի տարածքները: Հաշվի առնելով հանգամանքը, որ Ադրբեջանը հաստատուն կերպով կանգնած է Միացյալ Նահանգների կողքին, կարելի է տրամաբանել, որ Ադրբեջանի այդ հայտարարությունները ինչ-որ չափով արժանանում են ԱՄՆ-ի հավանությանը: Եթե այդպես է՝ Հայաստանը կարող է անկյուն մղված լինել՝ զրկվելով այլընտրանքից»:

«Ի՞նչ պետք է անել ԱՄՆ-ի գործընկերոջը հաղթելու համար», - հարց են տալիս «Սթրաթֆոր»-ի մասնագետները եւ պարզ պատասխան տալիս. - «Պետք է դառնալ ԱՄՆ-ի գործընկերը»:

«Այս ամենը չի նշանակում, թե Հայաստանը ինքնակամ կմտնի Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանում ստեղծվող ինչ-որ դաշինքի մեջ կամ ՆԱՏՕ-ի անդամ կդառնա: Հայաստանի ամուր պատմական կապերը մի գիշերում չես կոտրի: Այդ պատճառով Հայաստանին Միացյալ Նահանգների ռազմական ազդեցության տակ դնելու դիվանագիտական ջանքերը պետք է շատ զգուշավոր լինեն եւ գործադրվեն տարիներ շարունակ: Այնպես որ, այս պահին Միացյալ Նահանգների կտրուկ ներխուժումը Հարավային Կովկաս հավանական չէ», - եզրափակում են Սթրաթֆոր»-ի վերլուծաբանները:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG