Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ընդդիմության երեկվա հանրահավաքը ընդամենը դրա առաջնորդների՝ զանգվածային միջոցառումներ անցկացնելու խոստման սյունակում «գալոչկա» դնելու բնույթ կրեց», - բնորոշված է «Հայաստանի Հանրապետություն» թերթում: «Երեկ, իրոք, բեկումնային հանրահավաք էր, սակայն ոչ ընդդիմության նկատի ունեցած իմաստով», - շեշտադրում է «Հայոց աշխարհ» թերթը։ - «Երեկ բեկում կատարվեց նույնիսկ երդվյալ ցուցարարների հոգիներում ու նրանց վերջնականապես լքեց իշխանափոխության հույսը»։ Չնայած «Հայոց աշխարհ»-ում էլ դեռ կան հրապարակումներ, թե «երկխոսության պաշարը սպառված չէ», այդուհանդերձ, իշխող մոտեցումն այստեղ թերեւս մեկնաբաններից մեկի հետեւյալ բանաձեւման մեջ է. - «Իշխանություն-ընդդիմություն երկխոսության առաջին եւ, վախենանք, վերջին փորձն ի սկզբանե դատապարտված էր, քանզի արմատական առաջնորդներն այդպես էլ չհասկացան՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ, ո՞ւմ դիրիժորությամբ մեկը մյուսի հետեւից հայտնվեցին ոխերիմ ընդդիմության բեւեռում»: «Հայոց աշխարհ» թերթում այսօր առաջ է բերված եւ պատգամավոր Համլետ Հարությունյանի ձեւակերպումը. - «Իշխանության երկխոսությունը պիտի կայանա ժողովրդի, ոչ թե ընդդիմության հետ: Ու պիտի նշել ոչ միայն ձեռքբերումները, այլեւ թերացումներն ու բացթողումները, բացատրել, թե որոնք են իրավիճակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, ինչ է արվում սուբյեկտիվ հանգամանքները աստիճանաբար նվազեցնելու համար... Իսկ ուժային միջոցներով կանխարգելիչ գործողությունները ընդունելի են միայն ծայրահեղ իրավիճակում: Չեմ կարծում, որ իշխանությունը մնացած ռեսուրսները սպառել է», - ակնարկում է պատգամավորը:

«Երեկ Երեւան մտնող բոլոր ճանապարհներն աչալրջորեն հսկվում էին ոստիկանական ուժերի կողմից», - արձանագրում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Պետական մարմիններն ամեն ինչ անում էին՝ մարզերից ցուցարարների մուտքը դեպի Երեւան փակելու համար: Երեկ Բաղրամյան պողոտայում էլ ձեռնարկված էին բացառիկ միջոցառումներ. այստեղ բերված ոստիկանների եւ ոստիկանության զորքերի ծառայողների թիվը բացառիկ էր: Հետաքրքիր է նաեւ, որ փշալարերը տեղափոխող եւ ջրցան երկու մեքենաները հանրահավաքի օրերին Բաղրամյան պողոտա եւ այնտեղից ետ՝ տանում-բերում են անասելի աղմուկով՝ ոստիկանական կորտեժի եւ ոստիկանական շչակների ուղեկցությամբ: Սա արվում է հատուկ՝ մարդկանց ուշադրությունն այդ տեխնիկայի վրա գրավելու եւ այսպիսով՝ հանրահավաքների պոտենցիալ մասնակիցների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար», - նշում է «Հայկական ժամանակ»-ը:

Որպես ընդդիմության երեկվա հանրահավաքի սակավամարդության պատճառ «Հայկական ժամանակ»-ում մատնանշվում է եւ «նախորդ օրը տեղի ունեցած ընդդիմության եւ կոալիցիայի երկխոսության փաստը», ընկալումը, որ «ընդդիմությունը փորձում է հաշտվել իշխանությունների հետ, եւ նման դեպքում հանրահավաքի գալը անիմաստ է»: «Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» խորագրի տակ մեկնաբանը տարակուսում է վճռական հանրահավաքի հերթական հետաձգումից՝ հարցնելով. - «Իսկ ինչ է փոխվելու այս մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչեւ մայիսի չորսը: Հասկանալի է, որ ինչպիսի որոշում էլ կայացվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, դա չի կարող որոշիչ ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում»:

«Եվրախորհրդում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկումը որպես հաղթանակ մատուցող ընդդիմությունը իշխանափոխություն ապահովողի դերը ընձեռեց ժողովրդին», - խտացված է այսօր «Ազգ» թերթում:

«Առավոտ» թերթը խմբագրականում ի մի է բերել. - «Իշխանությունը վերջին օրերին զարգացնում է այն թեզը, որ Երեւանում անցկացվող հանրահավաքները բացասական ֆոն են ստեղծում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման համար: Նույնպիսի տհաճություն է պատճառում մեր իշխանավորներին այն հանգամանքը, որ Եվրոպայի խորհրդում քննարկում են Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքեր: Պաշտոնական մոտեցումը հետեւյալն է. «Եղեք հայրենասեր: Համախմբվեք հայրենի իշխանությունների (այսինքն՝ մեր) շուրջ: Մի անցկացրեք հանրահավաքներ: Մի խոսեք ոստիկանական խոշտանգումների եւ բռնությունների մասին: Հակառակ դեպքում՝ դուք դավաճան եք, մասնակցում եք Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ միջազգային մութ ուժերի դավադրությանը եւ հնարավորություն չեք տալիս մեր նախագահին՝ նորմալ բանակցել Ղարաբաղի հարցի շուրջ»: Այսպես պատճառն ու հետեւանքը փոխում են իրենց տեղերը», - շեշտում է «Առավոտ»-ը: - «Մինչդեռ դրա լուծումը շատ հեշտ է. մի փակեք Երեւան բերող ճանապարհները, մի խոշտանգեք մարդկանց քաղմասերում, մի դարձրեք պլաստիկ շիշ շպրտողին պետական հեղաշրջման կազմակերպիչ, եւ դրա մասին ոչ ոք չի խոսի եւ չի գրի: Մանավանդ, մի փորձեք խոչընդոտել լրագրողներին, որ նրանք այդ ամենը լուսաբանեն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG