Մատչելիության հղումներ

Արթուր Վարդանյանը արտաքսվել է Հայաստանից


Ապրիլի 22-ին «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների եւ համակիրների նկատմամբ անցած ամիս հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Միացյալ Նահանգների քաղաքացի Արթուր Վարդանյանի նկատմամբ գործը կարճվել է, եւ վերջին արդեն մեկնել է Հայաստանից:

Վարդանյանի փաստաբան Աշոտ Սարգսյանի խոսքերով, թեեւ դատախազության գործողությունները իրավաբանության հետ որեւէ կապ չունեն, «դա փաստորեն արտաքսում էր երկրից»:

Երեկ Արթուր Վարդանյանի նկատմամբ մեղադրանք առաջադրած դատախազության քննիչը, Սարգսյանի փոխանցմամբ, որոշում է ընդունել կարճել քրեական գործը՝ իրադրության փոփոխության հետեւանքով: Թեեւ իրավապահները պարտավոր էին Վարդանյանին ազատ արձակել նույն օրվա ընթացքում, նա իրավապահների հսկողության տակ է մնացել մինչեւ այսօր առավոտյան ժամը 5-ը՝ ընդհուպ մինչեւ թռիչքի պահը:

Սարգսյանը Վարդանյանին ազատ արձակելու մասին որոշումը «աբսուրդ» որակեց:

«Աբսուրդ որոշում են կայացրել՝ իրադրության փոփոխության հետեւանքով, իբր Արթուր Վարդանյանը արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա՝ փաստարկելով. - «Ամսի 23-ին [ապրիլի] Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նրան զրկել են Հայաստանի քաղաքացիությունից: Բայց ամսի 25-ին Հայաստանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընդունել էր կալանքը»:

«Օրենքի հետ ոչ մի կապ չունեցող գործողություն է՝ ո'չ հարուցումը, ո'չ մեղադրանքը, ո'չ ձերբակալումը եւ ո'չ էլ ազատ արձակումը», - մեկնաբանեց փաստաբանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG