Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ամեն դեպքում կանցկացնի հանրահավաքը


Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովում կայացած քննարկումը կշարունակվի վաղը: Քննարկման ընթացքում արձանագրվել է, որ խորհրդակցությունը «կարող է հետագա երկխոսության հիմք դառնալ»:

Հարցին, թե կարո՞ղ է երկխոսության արդյունքում հետաձգվել հանրահավաքը, «Արդարություն» դաշինքի ղեկավարներից Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. - «Բնականաբար, մենք չենք ընդունի նման առաջարկություն, քանի որ հանրահավաքները դրանք սահմանադրական իրավունք են: Հանրահավաքը արդեն հայտարարված է, եւ տեղի կունենա»:

«Ամենակարեւորը Սահմանադրական դատարանի որոշման իրականացումն է՝ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունները քննարկել եւ ընդունել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վիկտոր Դալլաքյանը՝ ներկայացնելով երկխոսության համար հիմք հանդիսացող իրենց առաջարկությունները: - «Դադարեցնել քաղաքական հետապնդումները եւ ազատ արձակել բոլոր քաղաքական հետապնդումների արժանացած անձանց, կարճել «Արդարություն» դաշինքի եւ նրա համախոհների նկատմամբ դատախազության հարուցած սարքովի գործը, ապահովել քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրականացումը, այդ թվում ՝ հանրահավաքների ցույցերի, երթերի, խոսքի ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքը»:

Ընդդիմության առաջարկություն-պահանջներից է նաեւ 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներ կատարողներին եւ կազմակերպիչներին, այդ թվում՝ բռնարարքներ իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելը:

Ընդդիմությունն առաջարկում է նաեւ ուղիղ եթեր տրամադրել իրենց Հանրային հեռուստատեսությամբ, հետաձգել ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր, երթեր անցկացնելու մասին օրինագծի քննարկումը:

Ազգային ժողովում քննարկումների օրակարգը բաց է, եւ կոալիցիոն կուսակցությունները նույնպես կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել:

Հարցին, թե կարո՞ղ է ընդդիմությունը հրաժարվել իր առաջարկությունների որեւէ կետից, «Արդարություն» խմբակցության քարտուղարը պատասխանեց. - «Մենք որեւէ կետից չենք հրաժարվի»:

«Իշխանությունները պետք է վերադառնան օրենքի դաշտ», -ավելացրեց նա: - «Իսկ այս առաջարկությունները հենց իշխանություններին հնարավորություն են տալիս վերադառնալ օրենքի դաշտ»:

Իսկ օրենքի դաշտում, ըստ Դալլաքյանի, հնարավոր է ցանկացած երկխոսություն անցկացնել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG